Բրյուսելի ինտրիգը․ կստորագրվի՞ փաստաթուղթ

Բրյուսելի ինտրիգը․ կստորագրվի՞ փաստաթուղթ

Երեկ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս հանդիպման շուրջ ինտրիգը չափազանց մեծ է։ Հայաստանի ընդդիմադիր շրջանակներում շատ մեծ է մտավախությունը, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարող է միակողմանի զիջումների գնալ, ոմանք խոսում են անգամ ինչ-որ փաստաթղթի ստորագրման մասին։
Հայաստանի ընդդիմությունը երեկ Երևանում բազմամարդ հանրահավաք անցկացրեց, արձանագրեց «կարմիր գծեր», որոնցից անդին չի հանդուրժվելու Փաշինյանի իշխանության գործունեությունը։


Երևանյան հանրահավաքին զուգահեռ, Արցախի Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն, որով կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։  «Խոնարհվելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակի առջև` մեր հավատարմությունն ու պատրաստակամությունն ենք արձանագրում հետևողական լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգման գործընթացներին»,- ասված է ԼՂՀ խորհրդարանի տարածած հայտարարության տեքստում:


Խորհրդարանական ընդդիմության երեկվա հանրահավաքին երեկ մասնակցել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով, ի տարբերություն հարթակից հնչող արմատական ելույթների, շատ ավելի իրատեսական ու ադեկվատ գնահատական է  տվել Բրյուսելի հանդիպմանը։ Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել վաղվա հանդիպումից, երրորդ նախագահը պատասխանել է. «Ես չեմ կարող ենթադրություններով զբաղվել: Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի: Օդում կախված են, իհարկե, այդպիսի վտանգներ, բայց չեմ կարծում, որ վաղը ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի»:


Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությանը՝ պաշտոնական Երևանը հույս ունի, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հանդիպմանը կողմերը կփորձեն հասնել խաղաղության շուրջ օրակարգի ձևավորման։ Սա էլ պաշտոնական Երևանի մեկնաբանությունն է, որը հնչել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի շուրթերով։
Եթե ամփոփենք ընդհանուր համատեքստը, ապա կարող ենք արձանագրել, որ այսօր Բրյուսելում լուրջ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Ամբողջ խնդիրն այն է, որ եթե կողմերը չկարողանան համաձայնության հասնել խաղաղության շուրջ օրակարգի ձևավորման հարցում, ապա Բրյուսելի հանդիպումից հետո կարող են առաջանալ նոր էսկալացիայի վտանգներ։

Վահրամ Բագրատյան