Փաշինյանը հովանավորում է յուրային հանցագործներին

Փաշինյանը հովանավորում է յուրային հանցագործներին

 

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատության մեջ է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեից հայտնել են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Այս տեղեկատվությունն արտառոց է այն առումով, որ հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Կարեն Պողոսյանին, միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել էր:

Ընդ որում, հայտնի Մելոյի որդին երկար ժամանակ հետախուզվում էր ու հատկապես այս պարագայում՝ զարմանալի է, որ նախաքննության մարմինը փոխել է նրա խափանման միջոցը։ Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ սա էր այն գինը, որի դիմաց Մելիքսեթ Պողոսյանը թողեց Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ շարունակելով լոյալությունը գործող իշխանության ու Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Իրազեկ աղբյուրներն ասում են, որ Սյունիքի նախկին մարզպետը շուտով նոր նշանակում է ստանալու ՊՆ-ում՝ նախարարի խորհրդականի կարգավիճակով։ Նկատենք, որ նման խոցելի կադրերը ձեռնտու են Փաշինյանին, որովհետև նրանց լոյալությունը ստանալու համար՝ լրացուցիչ ջանքեր պետք չեն։

Մյուս կողմից, չենք կարող ընթերցողի ուշադրությունը չհրավիրել ակնհայտ ընտրողական արդարադատության վրա։ Սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձնավորությունն, ինչպես տեսնում ենք, ազատության մեջ է ու չկա որևէ երաշխիք, որ հանցագործ հակումներ ունեցող այս մարդը չի կատարելու նոր հանցագործություն, մանավանդ, որ վայելում է իշխանության որոշակի շրջանակների հովանավորությունը։ Այս համատեքստում, շարունակում է կալանավորված մնալ Վանաձորի պոտենցիալ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որին մեղսագրում են տնտեսական բնույթի հանցագործություններ։ Սա այն դեպքն է, որ Ասլանյանն՝ ազատության մեջ գտնվելով, հաստատապես չէր խոչընդոտելու նախաքննությանը։ Մանավանդ, որ նա ունի հանրային հեղինակություն, ինչի վկայությունն է նրա ղեկավարած դաշինքի առաջնորդությունը Վանաձորի ՏԻՄ վերջին ընտրություններում։

Երբ իշխանությունը հալածում է իր ընդդիմախոսներին ու հովանավորում է յուրային հանցագործներին, անիմաստ է խոսել ժողովրդավարության ու իրավական երկիր լինելու մասին։

Վահրամ Բագրատյան