Ադեկվատության իսպառ բացակայություն

Ադեկվատության իսպառ բացակայություն

Երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԱՀՄ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հրավիրված լսումները վնասել են երկրի անվտանգությանը։

Անշուշտ, ցանկացած երկրում ընդդիմության վարքագիծը պետք է պատասխանատու լինի՝ երկիրը արտաքին ու ներքին ցնցումներից զերծ պահելու նպատակով։ Սա աքսիոմ է, որը կարծում ենք՝ գիտակցում են նաև Հայաստանի ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը։

Բայց տարակուսելի է, որ ընդդիմությանը երկրի անվտանգությանը «վնասելու» մեջ մեղադրում է մի իշխանության ներկայացուցիչ, որի գործունեությունը նպաստել է Ադրբեջանի ագրեսիվ օրակարգի իրականացմանը ու մահաբեր պատերազմի սանձազերծմանը։ Հենց այդ պատերազմի ու դրանում արձանագրված պարտության հետևանքով՝ փլուզվեց Հայաստանի ու նաև Արցախի անվտանգային միջավայրը, մեր երկիրը բովանդակային հարթության վրա կորցրեց սուբեկտությունը, ինքնիշխանությունը։

Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքականության հետևանքով՝ Հայաստանը դարձել է մի երկիր, որը գործնականում որևէ ազդեցություն չունի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա, չի կարողանում ապահովել ոչ միայն Արցախի, այլ հենց Հայաստանի սահմանների անվտանգությունը։

Ու երբ այս համատեքստում Անդրանիկ Քոչարյանի մատուցմամբ՝ ընդդիմությունն է «վնասում անվտանգությանը», կարող ենք մի քանի հետևություններ անել։

Կամ իշխանությունը մտադիր է գնալ նոր միակողմանի զիջումների ու կանխավ ապահովագրում է իրեն՝ փորձելով պատասխանատու դարձնել նաև ընդդիմությանը, կամ էլ՝ գործ ունենք իշխանության մոտ ադեկվատության իսպառ բացակայության հետ։

Չնայած՝ սա այն դեպքն է, որ տեղին է օգտագործել ոչ թե «կամ- կամ» երկընտրանքը, այլ «և, և» փոխլրացումը։

Վահրամ Բագրատյան