Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի

Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի

Երկու օր առաջ ԱԱԾ-ն պետպատվերի շրջանակներում թույլ տրված չարաշահումների, անհավասար բաշխման մասին տեղեկությունների հիմքով խուզարկության էր մտել առողջապահության նախարարություն, պետական առողջապահական գործակալություն (ՊԱԳ) և «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որի անունը շարունակում է կապվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Թերևս դա է պատճառը, որ այսօր այդ ամենի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն իր կշտամբանքն ուղղեց հենց Ավանեսյանին՝ նշելով, որ սա ուղղակի կատաստրոֆա է, մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրա մասին։

Ըստ Փաշինյանի՝ այս ամենի մեղավորներն այլևս չպետք է աշխատեն։ 

Արդյո՞ք պաշտոնանկ կարվի Ավանեսյանը, եթե հաշվի առնենք, որ նախարարության շուրջ սա առաջին խոսակցությունը չէ․ նախարարությունն այլ «չեպեներ» էլ ունի, որոնց համար պատասխանատվության են ենթարկվել այլ մարդիկ։  Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է փորձագետ Բաբկեն Պիպոյանի հետ։

Պիպոյանի խոսքով՝ օրինաչափ կլիներ, երբ Ավանեսյանը դեռ վաղուց հեռացած լիներ պաշտոնից, քանի որ առողջապահական համակարգում եղած բազմաթիվ խնդիրների պատասխանատուն հենց ինքն է եղել, բայց մեղավոր է կարգվել որևէ մեկը, և այդպես հարցը փակվել է։

«Այսինքն՝ համակարգում տիրող խնդրի համար նախարարը պատասխանատվություն չի կրում, եթե ինքն է բացահայտել խնդիրը և լուծել է այն։ Բայց երբ կողմնակի միջամտությամբ է խնդիրը բացահայտվում, դրա կրողն արդեն նախարարն է»,- նշեց Պիպոյանը։

Որպես օրինակ փորձագետը հիշեցրեց Մարտունի ԲԿ-ի շուրջ առաջացած աղմուկը և դրանից հետո առողջապահության փոխնախարարի՝ աշխատանքից ազատումը, ինչը հենց այդ դեպքի հետ էր կապված։

«Բայց չէ՞ որ այդ խնդիրը պետք է հենց նախարարը բացահայտեր, այլ ոչ թե մամուլից պարզ դառնար, որ նորաբաց հիվանդանոցը չի գործում։ Այսինքն՝ եթե նախարարությունը մոնիթորինգ աներ, հասկանար, որ սահմանված ժամկետում չի հասցնում բացել հիվանդանոցը, և այդ պատճառով պատասխանատու փոխնախարարն ազատվեր աշխատանքից, հասկանալի կլիներ։ Բայց երբ դու գնում, բացում ես հիվանդանոցը, ինքդ մնում ես քո ասածի տակ, էդ դեպքում պատասխանատվությունը կրում ես դու։ Բայց մենք տեսանք, որ պատասխանատվությունն այլ անձ կրեց, եթե հետևենք հասանելի տեղեկություններին»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է «Ուիգմորի» շուրջ եղած աղմուկին, ապա Պիպոյանի խոսքով, հասկանալի է, որ այդ ԲԿ-ի հետ կապված ցանկացած հարց քննարկվում է նախարարի հետ, քանի որ դրա շուրջ մեծ աղմուկ կա, ու ամեն բացթողում կապվելու է հենց Ավանեսյանի անվան հետ։ «Դա էլեմենտար բան է, որ պետք է հասկանալ»,- նշեց փորձագետը։

Պիպոյանի դիտարկմամբ՝ հիմա ամբողջ գործադիրը տրամաբանական շղթաներից կտրված է, քանի որ պատասխանատու պաշտոնյան աշխատանքից ազատվում է միայն այն դեպքում, երբ սկսում է քրեական գործով անցնել, թեև օրենքը չի ենթադրում, որ պաշտոնյայի՝ աշխատանքից ազատման համար պետք է քրգործեր լինեն։

«Մեզ մոտ մեղավորներին փնտրել ու գտնելու փոխարեն նշանակում են մեղավորներ։ Վաղուց անցել ենք մենք շղթան, որ վերին օղակը պետք է պատասխանատվության ենթարկվեր»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Փորձագետը հստակ չգիտի՝ այս անգա՞մ էլ մեղավորությունն «ուրիշի վրա բարդելու պրիյոմը» կգործի, թե՞ կլինեն հստակ հետևանքներ։

«Երբ որոշում ընդունողները տեսնեն, որ հանրությունն ամեն ինչ հասկանում է ու տեսնում է, որ հերթական անգամ մեղավորներ են կարգվում, այդ ժամանակ կսկսեն իրական մեղավորներին գտնել ու պատժել»,- ամփոփեց խոսքը Բաբկեն Պիպոյանը։

Նարե Գնունի