«Ոստիկանը Փաշինյանին ա պաշտպանում, ոչ թե ժողովրդին»․ հարցում

«Ոստիկանը Փաշինյանին ա պաշտպանում, ոչ թե ժողովրդին»․ հարցում

Երկու օր առաջ ՀՀ-ում նշվում էր Ոստիկանության օրը: 

Այդ օրը Նիկոլ Փաշինյանը, ավանդաբար, ՆԳՆ էր այցելել ու ավանդաբար ելույթ էր ունեցել, որի ժամանակ ասել է․ «Եթե, օրինակ, Ոստիկանությունը ուժային կառույց չլինի կամ Ոստիկանությունը ուժ գործադրելու հնարավորություն և իրավունք չունենա՝ այդ ծառայության իր բովանդակությամբ կլինի անիմաստ»։

Ուշագրավ է, որ սրան զուգահեռ տեղի ունեցավ մի զազրելի միջադեպ, երբ ՔՊ-ականին վիրավորած քաղաքացի Սամվել Վարդանյանին, որը ձերբակալվել էր, ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս դաժան ծեծել էին մի խումբ դիմակավոր անձինք, նաև նվաստացրել ու խոշտանգել:

Իսկ ոստիկանները, որոնք հսկողության տակ էր Վարդանյանը, այդ պահին հոգում էին իրենց բնականոն կարիքները։ 

Այսպիսի օրինակներ բազմաթիվ են. օրինակ, երբ խաղաղ ակցիաների մասնակիցներին իրավապահները բերման ենթարկելուց ծեծում են, բռնություն կիրառում։ Իսկ ի՞նչ է մտածում հասարակությունը. MediaHub-ը հարցում անցկացրեց՝ ակնկալելով ստանալ պատասխան «Ոստիկանին համարո՞ւմ եք Ձեզ պաշտպան» հարցին:

Ըստ այդմ, «Այո» պատասխանն ընտրել է մասնակիցների 31%-ը, սակայն մեծամասնությունը՝ 53%-ը, ոստիկանին պաշտպան չի համարում և ընտրել է «Ոչ» պատասխանը: 

Հարցվածների 12%–ն ընտրել է «Ոստիկանները մենակ իշխանությանն են պաշտպանում» տարբերակը, «Ձերբակալված անձին են ծեծում, էլ ի՞նչ պաշտպան» տարբերակն ընտրել  2%–ը, իսկ «Ոստիկանությունը միշտ եղել է մեր պաշտպանը ու կմնա» պատասխանը՝ 2%–ը։

Հարցվածները, ինչպես միշտ, թողել են մեկնաբանություններ, ահա դրանցից ամենաուշագրավները՝

«Բոլոր ժամանակներում էլ ոստիկանը եղել է իշխանության կողքին»։

«Ոստիկանը Նիկոլին է պաշտպանում»։

«Ոստիկանությանը՝ որպես պետական ինստիտուտի, այո՛, համարում եմ։ Իսկ մեր ոստիկաններից շատերին՝ ոչ»։

«Ոստիկանը ծախված է և պաշտպանում է ո՛չ թե պետության և ժողովրդի շահերը, այլ միայն Փաշինյանին, որ այսքան անդառնալի կորուստներ, մահեր ու չարիք բերեց մեր երկրին ու ժողովրդին»։

«Ոստիկանները ժողովրդին ոչ մի դեպքում էլ չեն պաշտպանել, ժողովուրդն էլ պետք է իր համար ստեղծի այդպիսի մի ուժային կառույց՝ ոստիկաններից պաշտպանվելու նպատակով»։

«Անհամեմատելի են վեց տարի առաջ և հիմա։ Եկեք լավին «լավ» ասենք, վատին՝ «վատ»»։

Մարիաննա Արամյան