Փորձում են Հայաստանի վրա կրակոցները կապել ջահերով երթի և դրոշ այրելու հետ, սա ստորություն է․ Իշխան Սաղաթելյան

Փորձում են Հայաստանի վրա կրակոցները կապել ջահերով երթի և դրոշ այրելու հետ, սա ստորություն է․ Իշխան Սաղաթելյան

Ապրիլի 23-ին ու 24-ին, հակառակ իշխանական քարոզչամեքենայի տարածած կեղծիքներին ու հակաքարոզին, միևնույն է, հազարավոր քաղաքացիներ նորից դուրս եկան փողոց՝ մասնակցելու 1999 թվականից ի վեր ՀՅԴ-ի կողմից կազմակերպվող ջահերով երթին, ապա հաջորդ օրը գնացին Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այս ամենը ոչ մի կերպ չէին կարողանում մարսել իշխանական կամ հենց նիկոլական քարոզչամիջոցները՝ նշելով, թե «դաշնակների պատճառով ջահերով երթի մասնակիցների թիվը հասել է պատմական մինիմումի» կամ «ջահերով երթի պատճառով Ադրբեջանը կրակել է Խոզնազվարի վրա» ու այսպիսի կեղծ, նիկոլական թեզեր տարածում։ Փաշինյանն էլ իր հերթին դատապարտեց Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելը Երևանի կենտրոնում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանական քարոզչամեքենայի տարածած այս թեզերին, ասաց, որ հակառակ տարածվող տեղեկություններին՝ այս տարի նախորդ տարիներից ավելի մեծ քանակությամբ մարդ է մասնակցել ջահերով երթին։

«Այս տարվա ջահերով երթն իր մասշտաբներով գերազանցում էր նախորդ տարիներին, որը շատ կարևոր էր, և էս ուրացման ֆոնին մեր ժողովրդի արձագանքն ու ուղերձը շատ հստակ էր, որ, նախ, առաջինը՝ Փաշինյան-Ալիև-Էրդողան բոլոր պայմանավորվածությունները Ցեղասպանության ու Արցախի հարցով, և այս ուրացման պրոցեսն անընդունելի է, և դա զուտ իրենց միջև պայմանավորվածություն է, և ժողովուրդը կապ չունի դրա հետ։ Մեր հայրենակիցները տեր են մեր ժողովրդի իրավունքներին, հիշողությանը, ինքնությանը, և չնայած բոլոր այդ հակաքարոզչությանը, թիրախավորմանը, ռեպրեսիաներին՝ մեր հայրենակիցները դուրս եկան՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, բազմաթիվ տարբերություններից, քանզի գոյություն ունի ընդհանուր օրակարգ, որի շուրջ կա կոնսենսուս, և մարդիկ միասնական են»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

-Իսկ ՔՊ-ականներ կամ ՔՊ-ամերձ դեմքեր կայի՞ն ջահերթով երթի մասնակիցների մեջ, նկատե՞լ եք այդպիսի մարդկանց։

-Չեմ բացառում, որ նման մարդիկ մասնակցած լինեն, բայց ես չեմ ֆիքսել։ Այստեղ ամենահետաքրքիրն իրենց վայնասունն էր, որ փորձել են բարձրացնել։ Այսինքն՝ պայքարը Թուրքիայի դեմ է, Ադրբեջանի դեմ է, իրավունքների պաշտպանության համար է, ու թե ինչո՞ւ են այստեղ իրենք այդքան նեղվել, ինչո՞ւ են դարձել Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանը, դա էլ թողնում եմ մեր ժողովրդի մեկնաբանությանը։

-Ասում են՝ խաղաղության են գնում, և Ցեղասպանությունն իրենց առաջնահերթություններից չէ, դեռ պետք է տեսնեն, թե պատմությունն ինչպես է տեղի ունեցել։

-Հետաքրքիրն այն է, որ էդպես չեն էլ ասում, ասում են՝ մենք չենք ուրանում Ցեղասպանությոյնը, բայց զուգահեռ հարձակվում են ջահերով երթի վրա և հերթական անգամ փորձում են մոլորեցնել։ Սրանք էն նույն մարդիկ էին, որ մեզ վստահեցնում էին, որ Արցախի հարցում զիջումներ չեն անելու, էն նույն մարդիկ էին, որ ասում էին՝ Սահմանադրությունը չեն պատրաստվում փոխել Ադրբեջանի պահանջով և այսպես շարունակ։

-Ի դեպ, Թուրքիայի և Ադրբեջանի դրոշ այրելու մասով էլ Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք եղավ, որ դատապարտում է դրոշ այրելու երևույթը, որ դա սադրանք է համարում և այլն։ Սրան ի՞նչ կասեք, հատկապես, որ առաջին անգամ է դատապարտում, նախորդ տարիներին չի եղել նման բան։

-Սա մեկ անգամ ևս փաստում է այն, որ մենք հաճախ ասում ենք՝ էս մարդը կապ չունի հայկական շահերի հետ և վաղուց դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի պաշտպանը։ Եվ ամենամեծ ստորությունը նաև այն է, որ փորձում են Հայաստանի վրա կրակոցները կապել ջահերով երթի և դրոշ այրելու հետ, այն դեպքում, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ կրակում են հայկական բնակավայրերի վրա։

-Այդ օրը, այո, Խոզնավարի վրա կրակոցները կապեցին հենց ձեր կազմակերպած երթի հետ, ասում էին, որ եթե դուք այդ երթը չանեիք, Ադրբեջանը չէր կրակի։

-Հենց սա է ամենամեծ սրիկայությունն ու լկտիությունը, բայց, իրականում, խորքային խնդիրը հետևյալն է՝ հավանաբար բարկացել են իր վրա, որովհետև, երբ վստահեցնում էր, որ փակելու է այդ էջը Արցախի և Ցեղասպանության թեմայով, հիմա տեսնում են, որ ոչ միայն էդ հարցերը փակված չեն, այլ էդ հարցերով մարդիկ դուրս են գալիս փողոց, առաջիկայում էլ խորհրդարանում է քննարկման առարկա դառնալու Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը։ Այսինքն՝ հավանաբար նաև դրանից է նեղվել, որ խոստումները չի կարողանում կատարել կամ թշնամու պայմանները լիարժեք բավարարել։

Վահե Մակարյան