Ոչ միայն դեմ չենք իմպիչմենտին, այլ կարծում ենք, որ հաջողության հասնելու ճանապարհներից մեկը դա է, բայց․․․ Սաղաթելյան

Ոչ միայն դեմ չենք իմպիչմենտին, այլ կարծում ենք, որ հաջողության հասնելու ճանապարհներից մեկը դա է, բայց․․․ Սաղաթելյան

Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է և MediaHub-ի հարցին ի պատասխան՝ չհերքեց, որ փողոցային պայքար է սկսվելու։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող է ասել Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ, և իրենք այս մասով ի՞նչ պլաններ ունեն։

«Էդ թեմայով չենք խոսել, չգիտեմ՝ ինչ ծրագրերի մասին է, մենք միշտ պատրաստ ենք ցանկացած լուրջ գործընթացի մեջ մեր մասնակցությունն ունենալ, բայցև ակնհայտ է, որ որոշակի նախապատրաստական աշխատանքների մեջ ենք նաև մենք, և երբեք չենք բացառել փողոցային պայքարով հաջողության հասնելու հնարավորությունը»,- ասաց պարոն Սաղաթելյանը։

-Բայց կարծես թե քաղաքական ուժերն ավելի շատ պատրաստվում են 2026 թվականի հերթական ընտրություններին, ոչ թե փողոցային պայքարի։ Ըստ Ձեզ՝ փողոցային պայքարի մի վերջին շանս կա՞ այս տարվա ընթացքում, քանզի սա վերջին տարին է՝ հերթական ընտրություններից առաջ։

-Ես կարծում եմ, որ կա, որովեհտև մինչև 2026 թվականի ընտրությունները բազմաթիվ գործընթացներ են տեղի ունենալու, իսկ դրան պետք է պատրաստ լինել և երբեք չպետք է բացառել, ու էդ հնարավորությունից հրաժարվել նաև փողոցային ճանապարհով խնդիրը լուծելու համար։ 

-Իսկ իմպիչմենտի՞ ճանապարհով, որովհետև մի շրջանակ էլ կա՝ պնդում է, որ պետք է իմպիչմենտ իրականացնել անպայման ու մեղադրում է խորհրդարանական ուժերին, թե ինչո՞ւ նման գործընթաց չեն նախաձեռնում։

-Նախ նշեմ, որ փողոցն ու իմպիչմենտը հնարավոր չէ տարանջատել, որովհետև իմպիչմենտ, եթե տեղի ունենա, դա տեղի է ունենալու փողոցի ազդեցության ներքո, հակառակ պարագայում ակնհայտ է, որ դա տեղի չի ունենալու, այսինքն՝ շատ ձևական է դառնալու։ Եթե չլինի փողոցային պայքար ու համաժողովրդական ընդվզում, բնականաբար, այդ գործընթացն արդյունք չի տա։

-Ասում են՝ ոչինչ, դուք փորձեք, թե չէ՝ ԱԺ-ում երեք խմբակցություն կա ու երեքից և ոչ մեկը մինչ օրս Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնել։

-Իրականում, դա մեծ, ընդհանուր թեմա է, որին պետք է լիարժեք և ամբողջական պատասխանել, էս ֆորմատով հիմա ինչ էլ ասեմ, կիսատ է լինելու, ու էլի ինչ-որ մարդիկ փորձելու են շահարկել։ Ես ընդամենը հիշեցնեմ, որ իմպիչմենտի մասին առաջինը խոսել եմ ես 2022 թվականի օգոստոսին, շատ ծավալուն ելույթ եմ ունեցել, մենք ոչ միայն դեմ չենք իմպիչմենտին, այլ կարծում ենք, որ հաջողության հասնելու ճանապարհներից մեկը, այո, դա է։ Խնդիրը հետևյալն է՝ մենք ուզում ենք լրջորեն քննարկել, հասկանալ, ծրագրել ու հաջողություն ունենա՞լ, թե՞ խորհրդարանական ընդդիմության, տվյալ դեպքում՝  կոնկրետ «Հայաստան» դաշինքին թիրախ դարձնել ինչ-որ նպատակներով։

Վահե Մակարյան