Երեկոյան «բուդիլնիկը» հիշեցնում է՝ կրակելու ժամն է, լուսամոտների մոտ չպետք է կանգնենք․ կյանքը՝ Խնածախում

Սյունիքի մարզի սահմանային գյուղերի ուղղությամբ պարբերական դարձած ահաբեկչական գործողություններն առիթ են ստեղծում արտագաղթի, քանի դեռ ՀՀ ղեկավարությունը որևէ քայլ չի անում՝ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցները մեղմացնելու համար։ Խնածախցի ուսուցիչը MediaHub-ին պատմեց, որ դպրոցում մնացել են ընդամենը 60 աշակերտ, մինչդեռ տարիներ առաջ այդ թիվը հասնում էր 175-ի։
«Հիմա բոլորը ճամպրուկային տրամադրությամբ են, ուսումնական տարին ավարտվի, կարտագաղթեն։ Ցավալի վիճակ է։ Դասասենյակները գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Ճիշտ է, կրակում են հիմնականում գիշերները, բայց անվտանգության նկատառումներից ելնելով տեղափոխություններ ենք արել, որ լուսամուտի մոտ երեխա չնստի, հիմնականում պատերի ուղղությամբ ենք նստացնում։ Չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ մեր հիասթափությունը։ Այս ընդգծված անտարբերությանը զուգահեռ՝ քարուքանդ է արվում նաև կրթական համակարգը. որքան էլ բարձր գոռան կրթության որակի, դրա նորաձևության մասին, հավատացնում եմ՝ մի քանի տարի հետո ցավալի վիճակի ենք ականատես լինելու։ Կրթական համակարգում համատարած ճգնաժամ է»,- ասաց սահմանամերձ գյուղի ուսուցիչը։
Մեր զրուցակցի հավաստմամբ, Խնածախում մարդիկ կամաց-կամաց լքում են իրենց տները, քանի դեռ անվտանգությունը երաշխավորված չէ. գյուղում նոր բան չկա, ոչ ոք իրենց մասին չի մտածում։
«Մենակ բարձր գոռալ գիտեն։ Մեր թաղամասում, որ մի ժամանակ բոլոր տների լույսը վառ էր, հիմա միայնակ եմ ապրում իմ ընտանիքով, բոլորը հեռանում են։ Կյանքը Խնածախում «բուդիլնիկ»-ով է առաջ գնում։ 3 օրը մեկ «բուդիլնիկը» զրնգում է, ասում ենք՝ ըհը, ջրի ժամն է։ Այդ ջուրը եթե որևէ լաբորատորիա փորձարկի, հաստատ պիտանի չի լինի, ժանգոտած «տրուբաներով» ջուրը ո՞նց կլինի։ Իսկ երեկոյան «բուդելնիկը» հիշեցնում է՝ կրակելու ժամն է, լուսամուտների մոտ չպետք է կանգնենք։ Ճանապարհ չունենք, քարուքանդ վիճակում է։ Մեկ-մեկ փոսալցում են անում, անձրևը գալիս է, քշում։ Խնածախը և մյուս սահմանամերձ բնակավայրերը կանգնած են ճգնաժամի առաջ, իսկ պետությունը վաղուց երես է թեքել մեզանից։ Ադրբեջանցիներն ամեն օր կրակում են, երեկ էլ նույն ժամին, նույն ինտենսիվությամբ կրակ են բացել գյուղի ուղղությամբ։ Մնալով պայքարում ենք, բայց մինչև ե՞րբ»,- հավելեց նա։
Խնածախում կրակոցներին զուգահեռ պատրաստվում են Վերջին զանգի միջոցառմանը, որը կազդարարի ոչ միայն շրջանավարտների դեպի մեծ կյանք թռիչքը, այլև, մեր զրուցակցի հավաստմամբ, գյուղի դատարկվելու գործընթացի արագացումը։
Հունան Թադևոսյան