ՔՊ-ն «կառուցողականություն» է ակնկալում ցեղասպան Թուրքիայից

ՔՊ-ն «կառուցողականություն» է ակնկալում ցեղասպան Թուրքիայից

«Կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից»։ Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը: Ինչ կառուցողականություն են ակնկալում ՔՊ-ականները Հայոց ցեղասպանություն իրականացրած, հազարավոր հայկական եկեղեցիներ ավերակների վերածած, 90-ականներից ՀՀ-ի սահմանը փակ պահող, Ադրբեջանին զինող և աջակցող Թուրքիայից՝ հավանաբար գիտի Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ական թիմակից Ռուբեն Ռուբինյանը:

44-օրյա պատերազմը տանուլ տված, Շուշին, Հադրութն ու Արցախի 75 տոկոսը կորցրած քաղաքական թիմը ոչ միայն զիջումների է գնում Ադրբեջանին, այլ նաև՝ Թուրքիային: «Խաղաղության դարաշրջանը» ՔՊ-ն ընկալում է որպես Անկարայի և Բաքվի պահանջները բավարարելու «ճանապարհային քարտեզ»: Բաց սահմաններն, իհարկե, կարևոր են Հայաստանի համար, սակայն հարց է, թե ինչ գնով՝ Փաշինյանն ու թիմն ինչ գին են պատրաստ վճարել այդ բաց սահմանների համար: Այդ սահմաններով տնտեսական կապեր են հաստատելու թուրք և ադրբեջանցի գործարարների հետ ոչ թե ՀՀ աղքատ քաղաքացիները, որոնք ապրում են ցածր աշխատավարձով, այլ ՔՊ-ի «սրտի» գործարար-օլիգարխները: Թուրք-ադրբեջանական տանդեմը հայաջինջ քաղաքականություն է որդեգրել՝ իրականացնում է այդ ծրագիրը ՀՀ-ի ու Արցախի դեմ արդեն 30 տարի, սակայն ՔՊ-ն փորձում է քաղաքականապես «կույր» ձևանալ և չտեսնել Անկարայի և Բաքվի պահանջները Երևանին: Թուրքիայի նախապայմանները ՀՀ-ից վերաբերում էին Հայոց ցեղասպանությունից հրաժարվելուն, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն և Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն: Եթե ՔՊ-ն պատրաստ է բավարարել այդ նախապայմանները, ապա Թուրքիան օր առաջ պատրաստ է բացել սահմաններն ու իրականացնել թուրքական կապիտալի էքսպանսիա և հայկական տնտեսության ոչնչացում: ՔՊ-ի հեռացումը՝ հայոց պետականության փրկության միակ և այլընտրանք չունեցող շանսն է:

Վահրամ Բագրատյան