Նարեկ Գրիգորյան. «Ազգային պարկից»՝ ԱԺ ամբիոն

Դա կառավարության որոշումն է, հարցի հասցեատերը ես չեմ, այլ կառավարության անդամներն են, կարող եք այդ հարցով դիմել կառավարության անդամներին, կպատասխանեն: Անդրադառնալով 600 մլն դրամով Անկախության տոնը նշելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի` նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
«Խրախճանք ժանտախտի ժամանակ»՝ այսպես կարելի է նկարագրել ՔՊ-ականների քայլերը՝ Հայաստանն ու Արցախը կործանվում են, հայ զինվորների արյան գնով ազատագրված շրջանները հանձնվում են Բաքվին, ՀՀ-ում գնաճ է, աղքատություն և արտագաղթ, իսկ ՔՊ-ն մեծ գումարներ է հատկացնում Անկախության տոնը նշելու համար: Եռաբլուրը վերածվել է փոքրիկ քաղաքի, իսկ Փաշինյանն ու թիմն ունեն բարձր տրամադրություն՝ Անկախության տոն նշելու համար:
ՔՊ-ն նույն հաջողությամբ կարող է 50 Cent-ի համերգը կազմակերպել Փաշինյանի առանձնատան բակում և ողջ կազմով ինքնամոռաց պարել. պարելը ՔՊ-ի մոտ շատ լավ է ստացվում, ինչի մասին են վկայում նրանց հարսանիքներից արված լուսանկարներն ու տեսանյութերը:
ՔՊ-ի կադրային քաղաքականության «գոհարներից» է «ձկների մասնագետ» Նարեկ Գրիգորյանը: Գրիգորյանը Նորատուսից է, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչ է աշխատել և «ձկների աշխարհից» Փաշինյանի շնորհիվ տեղափոխվել է «օրենսդիր աշխարհ»՝ տեղ զբաղեցնելով ՔՊ-ի շարքերում: Գրիգորյանն ԱԺ-ում աչքի է ընկնում ընդդիմադիր պատգամավորների հետ լեզվակռվով, հրմշտոցով, «մտքի գոհարներով» ԱԺ ամբիոնից, որոնք ապագայում ֆեյսբուքյան մեմ են դառնում:
Գրիգորյանը չի կարող մեկնաբանել, թե ինչու է կառավարությունը որոշել այդքան ճոխ նշել Անկախության օրը՝ մեկնաբանելու հետ կապված Գրիգորյանը շատ հաճախ է ունենում խնդիրներ:
ՔՊ-ն իր «յուրահատուկ» կազմով պետք է օր առաջ հեռանա՝ հանուն հայոց պետականության փրկության:
Վահրամ Բագրատյան