Վիգեն Խաչատրյանին պետք է տրամադրել Բերձորի համար զոհված հայ զինվորների ցուցակը

Վիգեն Խաչատրյանին պետք է տրամադրել Բերձորի համար զոհված հայ զինվորների ցուցակը

Բերձորը մերը չէ, այնտեղ հայկական զորք չկա, ադրբեջանցիներն են թողել, որ ռուս խաղաղապահներ լինեն: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը:

Վիգեն Խաչատրյանի համար Բերձորը հայկական չէ, ինչպես ՔՊ-ականներից շատերի համար Շուշին դժգույն և դժբախտ քաղաք էր: ՔՊ-ական Հայաստանում տեղի են ունենում այնպիսի խայտառակ իրադարձություններ, որոնք չէին կարող տեղի ունենալ Հայաստանում 5 կամ 10 տարի առաջ: ԱԺ պատգամավորը ցանկանում է Բերձորը հանձնել Բաքվին։ 

Բերձորի ազատագրման համար հազարավոր հայ զինվորներ են զոհվել 90-ականներին։

ՔՊ-ի համար չկան «կարմիր գծեր»՝ մի քանի ամիս անց հնարավոր է խոսվի Ստեփանակերտի, Մարտակերտի կամ այլ քաղաքի հայերին պատկանելիության մասին՝ սա կատարվում է ՀՀ քաղաքացիների մեծամասնության լռության, անտարբերության պայմաններում: Վիգեն Խաչատրյանը վաղը հանգիստ քայլելու է երևանյան փողոցներում՝ նրան ոչ ոք չի մեղադրելու հայկական շահերը ոտնահարելու, հողերը հանձնելու մեջ:

Իշխանափոխության համար, բացի քաղաքական պայքարը,  անհրաժեշտ է նաև հանրային զարթոնք՝ հայ ազգը պետք է դուրս գա խորը քնից և վերջապես հստակ լսի և կարդա, թե ինչ են ասում Փաշինյանի թիմակիցներն Արցախի ապագայի մասին: Արդյոք ՔՊ-ի համար Արցախը հայկական է, թե դա էլ բանակցությունների ընթացքում կարող է դառնալ սակարկության առարկա:

Վիգեն Խաչատրյանի մասին լավագույնս խոսում է նրա կենսագրությունը՝ նա փոխում է քաղաքական թիմերը, ինչպես թաշկինակներ: 1984-1986 թվականներին Խաչատրյանն աշխատել է «Հայէլեկտրամեքենա» ընկերությունում Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղար։ 90-ականներին Ազգային ժողովում եղել է ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցություններից կազմված «Հանրապետություն» խմբակցության անդամ։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ականների արժեհամակարգի մասին:

Վահրամ Բագրատյան