Այսօր Բրյուսելում հավաքվում են Եվրոպական միության 27 երկրների ներկայացուցիչները, որտեղ, ամենայն հավանականությամբ, Ուկրաինան ԵՄ անդամի թեկնածու լինելու կարգավիճակ կստանա: Դեռ երեկ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել էր, որ Եվրամիության առաջնորդները Եվրոպական հանձնաժողովին կխնդրեն ավելի ուշ վերադառնալ Վրաստանի հետ կապված հարցին`պայմանով, որ այդ երկիրը կատարի անհրաժեշտ պայմանները: Եվրամիության ընդարձակումից զատ, օրակարգում կլինի Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը և պարենի ճգնաժամը, մասնավորապես, Ուկրաինայի նավահանգիստներից ցորենը դուրս բերելու հնարավորությունը: Բացի այդ, ԵՄ առաջնորդները կքննարկեն էներգետիկայի ու, մասնավորապես, գազի մատակարարման հետ կապված հարցեր: