Եվրամիությունում ՀՀ համար չեն լինելու այն պայմանները, որոնք կան ԵԱՏՄ–ում․ ռուս պատգամավոր

Եվրամիությունում ՀՀ համար չեն լինելու այն պայմանները, որոնք կան ԵԱՏՄ–ում․ ռուս պատգամավոր

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ակնհայտորեն անկում են ապրում, դրա մասին խոսում են ոչ միայն ՀՀ–ում, այլ նաև ՌԴ–ի գործիչները։ ՀՀ–ն փորձում է գնալ դեպի Եվրոպա, բայց հարցը՝ արդյո՞ք Եվրոպան մեզ սպասում է կամ, ընդհանրապես, ցանկանում է ընդունել ՀՀ–ին, կարծես իշխանություններին չի հուզում։

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը առաջ տանում ԵՄ–ին անդամակցելու հարցը, արդյո՞ք ՀՀ՝ ԵԱՏՄ–ից դուրս գալը «не за горами»․ այս թեմաների շուրջ MediaHub-ը հարցերն ուղղեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովին։

«Ես չգիտեմ, թե ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունն այդպես զարգացնում Եվրամիության հետ կապված թեման, քանի որ բոլորս հիանալի հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանն է ամենամեծ շահառուն։ Այսինքն՝ տնտեսության զարգացման տեսանկյունից բազմամիլիոնանոց շուկայում առևտրի հնարավորություններ։ Եթե նույնիսկ անցած տարվա արդյունքները վերցնենք, 12 տոկոսից ավելի տնտեսական աճ է եղել, դրանք շատ բարձր թվեր են»,– մեր հարցին ի պատասխան նշեց Արտյոմ Տուրովը։

Պատգամավորը շարունակեց․ «Մենք հիանալի հասկանում ենք, որ Եվրամիությունում ՀՀ համար չեն լինելու այն պայմանները, որոնք կան ԵԱՏՄ–ում։ Մյուս կողմից, մեր դարավոր բարեկամությունը, մեր ժողովուրդների հարաբերությունները, այն փոխգործակցությունը, որը կա, դա հաստատում է հենց այն ջանքերը, որոնք իրականացվում են, այդ թվում՝ ԵԱՏՄ–ի միջոցով։ Ուստի, ինձ թվում է, որ այս ճանապարհը, որը ձևավորում է Երևանի գործող իշխանությունը, դեպի փակուղի է»։

Ըստ պատգամավորի՝ ցուցանիշները ամեն ինչի մասին խոսում են.

«Իմ կարծիքով՝ Հայաստանը պետք է լինի այնտեղ, որտեղ ԵԱՏՄ–ի մյուս անդամ երկրների հետ հավասար պայմաններում կարող է ազատ զարգանալ»,– հավելեց ռուս պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում

Մարիաննա Արամյան