Հավանական է, որ ԱԳՆ-ն մի օր կասկածի տակ դնի էթնիկ զտման փաստը և պնդի, որ արցախցիներն իրենց կամքով են դուրս եկել

«Ռուսական կողմը ասում է, որ խաղաղապահների կարգավիճակը փոխվեց, քանզի ՀՀ-ն ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ ՀՀ իշխանությունը իրավացիորեն նկատում է, որ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահը անձամբ էր ասել, որ թե՛ 7 շրջանները, թե՛ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով Ադրբեջան են, և անհրաժեշտություն չկա Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունները գցել ՀՀ-ի գրպանը»,-մեկնաբանելով օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ի հերթական ամոթալի արձագանքն Արցախի վերաբերյալ, MediaHub-ին ասաց քաղաքական գործիչ Արամայիս Աղաբեկյանը։
Հիշեցնենք, ապրիլի 7-ին ԱԳՆ-ն հերթական պաշտոնական հայտարարությունն էր արել, մեջբերենք․ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:
«Սա ասող կառավարությունն այժմ նույն աճպարարությունն է անում՝ պնդելով, որ տեղի ունեցածի մեղավորը Արցախի իշխանություններն են, որոնք չեն գնացել Սոֆիա, և եթե գնային`ամեն ինչ լավ կլիներ։ Իրենք շատ լավ գիտեն և՛ Սոֆիա չգնալու պատճառը, և՛ Բրատիսլավա գնալու պատրաստակամությունը։ Գիտեն նաև այդ հանդիպումների օրակարգը և քաջ գիտակցում են, որ ոչ մի միջազգային երաշխիք չէր նախատեսվում։ Ինչ մնում է Արցախի լուծարման հրամանագրի մեջբերմանը, ապա այն եղել է Արցախի վրա ագրեսիայից հետո, որն էլ հետևանք էր անվտանգության որևէ երաշխիքի բացակայության»,-ընդգծում է Աղաբեկյանը։
Նրա կարծիքով, եթե Արցախի նախագահը Երևան գալուց հետո չեղարկեր այդ հրամանագիրը և չեղարկման մասին որոշումը հրապարակեր նույն հարթակով, ինչ հարթակով տեղադրել էր լուծարման մասին հրամանագիրը, և համապատասխան գնահատական տար Նիկոլ Փաշինյանին, հիմա այս պատասխանը չէր ստանա։
«Ինչևէ, ես կրկնում եմ իմ մտավախությունը․ շատ հնարավոր է, որ մի օր ՀՀ արտգործնախարարությունը կասկածի տակ դնի նաև էթնիկ զտումը և պնդի, որ մարդիկ իրենց կամքով պարզապես իրենց հայրենիքից դուրս են եկել»,-հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան