Գլխավոր դատախազը կգնա՞ Ավինյանի հետևից, ի՞նչ խորհուրդ է նա տվել Սարիկ Մինասյանին
Ոչ, ոչ, ոչ, ինձ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա ու չի կարող լինել: Ահա այսպես լրագրողների հարցին արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱՆԻՖ-ի գործով շուտով գնալու է իր հետևից։
Նա տեղեկացրեց, որ կարդացել է մամուլի հրապարակումները, բայց իր գործողություններն այդ ամենով չի կարող պայմանավորել, դա ճիշտ չի լինի։
Հարցին, թե Փաշինյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունի, Ավինյանը պատասխանեց՝ մտերիմ։ Նշենք, որ մամուլում լուրեր կային նաև, թե Ավինյանին ՔՊ վարչության ընտրություններից առաջ ցանկանում են «չեզոքացնել»։
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ Գյումրիում իրենց Սարիկը չհաղթեց, ի՞նչ խորհուրդներ էր ինքը տվել Սարիկ Մինասյանին, կամ ընդհանրապես, ինչո՞ւ ինքը ՔՊ շտաբում չէր ընտրությունների օրը, Ավինյանը պատասխանեց․
«Գիտեք՝ ես կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն Սարիկ Մինասյանն էր։ Մենք հաճախ ու տարբեր ընտրությունների ժամանակ այս տենդենցը տեսնելու ենք։ Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը, և պարզ է, որ միանձնյա որևէ ուժ 50+1% ձայն չի հավաքելու։ Եթե հիշում եք՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ հայտարարվում էր, թե ես եմ վարչական ռեսուրս օգտագործում, բայց ընտրություններից հետո տեսաք, թե ինչ եղավ»։
Դիտարկմանը, որ այս ամենը ցույց է տալիս՝ ՔՊ-ի վարկանիշն ընկել է, Ավինյանն արձագանքեց՝ իրենց որդեգրած ուղին այն է, որ Հայաստանում ազատ, արդար ընտրություններ լինեն։
«Միգուցե մի օր մենք ընտրություններում պարտվենք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարե Գնունի