Ռուսաստանը չի կորցրել իր ազդեցությունը Հայաստանում․ ռուս պատգամավոր

Ռուս–հայկական հարաբերությունները շարունակում են ապրել դժվարություններով լի մի շրջան, երբ ՀՀ–ն կանաչ լույս տվեց ԵՄ–ին անդամակցելուն, Փաշինյանի վարչակազմն էլ ամեն կերպ փորձում է հեռվացնել ՀՀ–ն Ռուսաստանից։
Արդյո՞ք Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը Հայաստանում և ինչպե՞ս են ՌԴ–ում գնահատում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները․ MediaHub-ն այս հարցերն ուղղեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահի տեղակալ Բորիս Չերնիշովին։
«Գիտեք, Ռուսաստանը չի կորցնում իր ազդեցությունը Հայաստանում, Ռուսաստանը երբեք չի ձգտել ազդել Հայաստանի վրա, սա հիմարություն է. մենք չենք ազդում մեր ընկերների վրա: Մենք ուզում ենք, որ մեր ընկերները լավ լինեն, ցանկանում ենք աջակցել նրանց։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Հայաստանը լինի ազատ, անկախ և ինքնիշխան և զարգանա։ Սակայն, կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ»,– MediaHub–ին ասաց Չերնիշովը։
Ըստ նրա՝ կան ուժեր, որոնք իրական անկախություն չեն ուզում, դրա համար էլ փորձում են սեպ խրել և քանդել Ռուսաստանն ու Հայաստանը կապող պատմական արմատներն ու կապերը.
«Միայն տեսեք, թե ինչ է կատարվում ռուսաց լեզվի և Հաղթանակի տոնակատարության հետ։ Մարդիկ, ովքեր հրաժարվում են իրար կապել, մարդիկ, ովքեր պատռում են պատմական ԴՆԹ-ն, հրաժարվում են տոնել Հաղթանակի օրը, այն անվանելով Եվրոպայի օր, Վշտի օր, Հիշատակի օր: Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, իսկապես բարի ուժերի ամենամեծ հաղթանակն է չար ուժերի նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռուս պատգամավորն ավելացրեց, որ նրանք, ովքեր փորձում են դա փոխանցել որպես այլ բան, մեծ հաշվով մի բան են անում՝ ամբողջությամբ ոչնչացնում են որոշակի կապեր ժողովուրդների միջև, ովքեր կռվել են նույն խրամատում, անկախ իրենց ազգային օջախներից, և պայքարել են իրենց մեծ հայրենիքի՝ Խորհրդային Միության, իրենց ընտանիքների և իրենց երեխաների ապագայի համար.
«Այնպես որ՝ ո՛չ, Ռուսաստանը չի կորցնում իր ազդեցությունը այն պարզ պատճառով, քանի որ հայերն ու ռուսները իսկապես եղբայրներ են»,– ասաց նա։
Ապագային էլ մեր զրուցակիցը լավատեսորեն է տրամադրված, ժողովուրդների միջև հարաբերությունները, ինչպես նշեց Չերնիշովը, կպահպանվեն ու կզարգանան.
«Եվ, իհարկե, այն աջակցությունը, որ տեսնում ենք Հայաստանի մեր ընկերներից, իսկապես հիացնում է։ Մենք շատ ուրախ ենք և վճռական ենք, որ մեր բարեկամությունը միայն կամրապնդվի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Մարիաննա Արամյան