Պետք է հանրային ճնշում գեներացնել և ԱԺ պարզ մեծամասնության քվեով Փաշինյանին իմփիչմենթի ենթարկել

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Իմ պատկերացմամբ, Փաշինյանին ԱԺ-ում անվստահություն հայտնելու գաղափարի ամենակարևոր իմաստն այն է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները, որ 2021 թվականին քվե են ստացել մեկ ու միայն մեկ նպատակով՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, կարողանան գոնե 4 տարի անց, չստացված տարբեր փորձերից հետո, այդ նպատակի շուրջ մեկտեղել ուժերն ու առաջադրել վարչապետի միասնական թեկնածու:
Այդ ընթացքն անկասկած համախմբման լուրջ ազդակ կլինի մեր ժողովրդի ճնշող մեծամասնության համար, որն այս կամ այն չափով չի ընդունում այս իշխանությանը: Իսկ դա այսօր մեր ժողովրդի 80-85 տոկոսն է:
Առայժմ հակառակն է տեղի ունենում: Ինչո՞ւ: Ի՞նչ նպատակով: Ի՞նչ խնդիր է այդպես լուծվում:
Ես չգիտեմ, թե խորհրդարանական ընդդիմությունն ինչ հաշվարկներ ունի մտքում, բայց Աստված մի արասցե, եթե բանն այսպես գնա ու հասնի 2026 թ. հերթական խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանի իշխանությունը բացի այն, որ կկարողանա առավելագույն ձայներ ստանալ ընդդիմության տոտալ ձախողման ֆոնին, այլ գործող ընդդիմությունն ինքը շա՜տ մեծ բարդություն է ունենալու մարդկանց փաստարկելու, թե ինչ նպատակով ու ինչու են ուզում ևս 5 տարի դառնալ խորհրդարանական ընդդիմություն:
Պետք է միավորել ուժերը, ոչ թե ջլատել: Կասկած չունեմ, որ հնարավոր է և՛ անհրաժեշտ 36 ստորագրությունը հավաքել, և՛ անհրաժեշտ հանրային ճնշում գեներացնել և՛ դրա ուժով խորհրդարանական պարզ մեծամասնության քվեով Փաշինյանին իմփիչմենթի ենթարկել»: