ՔՊ-ական պատգամավորներ էլ կան, որոնք հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է ՀՀ համար. Վանեցյան

Վարչապետի թեկնածուի անունը չէ պատճառը, բայց վարչապետի թեկնածուի անունը պարտադիր պայման է իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։ Այս մասին 168․am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու այս էլ արդեն չորս տարի ընդդիմադիր ուժերը չեն կարողանում մեկնարկել իմպիչմենտի գործընթացը:
Ըստ Վանեցյանի՝ ԱԺ պատգամավորները 2-3 տարի չեն կարողանում պայմանավորվել, բայց թող մեկ պատգամավոր իր լիազորությունների շրջանակում ԱԺ ընդհանուր բաժնից վերցնի ձևաթուղթը և լրացնի այն, հրապարակի և տա մյուս պատգամավորներին՝ լրացնելու.
«Մենք էլ կիմանանք, թե որ պատգամավորն է ստորագրում, որը՝ ոչ։ Վստահ եմ՝ չկա իրական ընդդիմադիր պատգամավոր, որը նման փաստաթղթի տակ չստորագրի և չեմ կարծում, որ
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմում որևէ մեկը դեմ է Փաշինյանին իշխանազրկելու գործընթացին»,- շեշտեց նա։
Արթուր Վանեցյանը նաև ընդգծեց, որ ՔՊ-ական պատգամավորներ էլ կան, որոնք ևս հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար: