Ինչ նորություն կա Պեմզաշենի գործով

Ինչ նորություն կա Պեմզաշենի գործով

Պեմզաշենում ողբերգական սպանությունից անցել է մեկ ամից: Ի՞նչ նորություն կա այս գործով:

Պեմզաշենում կատարված սպանությունների վարույթի շրջանակներում ակտիվ քննչական և դատավարական գործողություններ են կատարվում, քննությունն ընթանում է բնականոն հունով։ Փորձաքննությունների եզրակացությունների մի մասը դեռևս չի ստացվել։ Այս մասին MediaHub-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նրա խոսքով, քանի որ ապացույցները համակցության մեջ են գնահատվում, և նշանակված փոձաքննությունների մի մասի արդյունքները դեռևս չկան, Քննչական կոմիտեն, նախաքննության շահերից ելնելով, դեռևս թույլատրելի չի համարում հանրությանը քննության տվյալ փուլի արդյունքների, ձեռք բերված փաստական տվյալների մասին հավելյալ տեղեկատվություն տրամադրել։ 

«Նկատի ունենալով հանրային տեղեկացվածության ապահովման կարևորությունը՝ համապատասխան փուլում տեղեկատվություն կտրամադրվի»,- ասաց նա։

MediaHub-ը հիշեցնում է, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։ 

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. Նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալը այլ վայրում է եղել։ 

Լիա Սարգսյան