Ռուսը, որ չկարողանա, հայը կանի․ Շուշիի քաղաքապետը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին

Ռուսը, որ չկարողանա, հայը կանի․ Շուշիի քաղաքապետը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին

Առավոտյան շրջայց կատարեցինք, որ տեսնենք, թե ինչ օգնության կարիք ունեն այնտեղ մարդիկ, որոնք ճանապարհին էին մնացել։ Ամեն ինչ նորմալ էր, սպասում ենք, տեսնենք, թե ինչպես հարցը կլուծվի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի, Լաչինի միջանցքի փակ լինելու և սպասվող քայլերի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի ռեանիմացիայում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց անհապաղ պետք է տեղափոխել Երեւան՝ մասնագիտացված հիվանդանոց։ 

«Հինգ հիվանդ կա, որոնց վիճակը քանի գնում ծանրանում է, բայց այս պահին դեռ Ստեփանակերտում են, Հայաստան տեղափոխելու հարցը դեռ չի լուծվել։ Չգիտեմ, օդային ճանապարհով հնարավոր է օգնություն հասցնել, թե ոչ »,-ասաց նա։ 

Արդեն մեկ օր է՝ ադրբեջանցի, իբրև թե, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ Սարգսյանի խոսքով՝ հնարավոր է ռուս խաղաղապահների գործողություններն արդյունք տան և ճանապարհը շուտով բացվի։ 

«Ադրբեջանցիների քայլերից զարմանալ պետք չէ, ամեն ինչ սպասելի է իրենցից, դեռ սպասում եմ, որ մարդկանց են առևանգելու, լկտի ազգ են, լկտիացել են, բայց մռութներին ուտելու են։ Քանի գնում լկտիանում են, պատասխան տվող չկա։ Ամեն մեկն իր համար հայտարարություն է անում ու վերջ։ Պաշտոնյաների հայտարարություններն էլ այն մասին են, թե նոր ցեղասպանություն է սպասվում, չի կարելի այսպես. մարդկանց փոխանակ ոգևորեն, ավելի են վախի մեջ պահում։ Արցախցին սովոր է, շրջափակման մեջ էլ կապրի, խոտ էլ կուտի, բայց կողքից միայն վախի մթնոլորտ են ապահովում ու վերջ։ Ամբիոններից անիմաստ, անխելք հայտարարություններ են անում, թուրքի՞ համար եք աշխատում»,-ընդգծեց Սարգսյանը։ 

Հարցին, թե ամեն դեպքում ի՞նչ սպասելիքներ ունեն արցախցիները, վերջինս ընդգծեց․

«Այսպես չի մնա, ռուսական կողմը, որ չկարողանա՝ հայկական կողմը կանի, այսպես երկար մնալ չի կարող։ Երեկ մի ադրբեջանցի հայերենով ասում է՝ հասնելու ենք Երևան, մերոնք, երևի դրան են սպասում»։

Լիաննա Թորոսյան