Արցախցի երեխաները եկել էին մանկական Եվրատեսիլին մասնակցելու և մնացել «բախտի քմահաճույքին»

Արցախցի երեխաները եկել էին մանկական Եվրատեսիլին մասնակցելու և մնացել «բախտի քմահաճույքին»

Երեկ թշնամին փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այնտեղ վրաններ տեղադրեց և հրաժարվում է հեռանալ տարածքից։ Դա դարձավ պատճառ, որ արցախցի մի շարք երեխաներ, որոնք եկել էին մասնակցելու մանկական Եվրատեսիլին, մնան Հայաստանում։

«Մեզ սպրինտերով ամսի 11-ին բերել էին Երևան, որ մասնակցենք մանկական Եվրատեսիլին, դրանից հետո մեզ տեղավորեցին հյուրանոցում ու ամսի 12-ին պիտի գնայինք հետ։ Բայց զանգեցին, ասացին, որ ճանապարհը փակ է, չենք կարող գնալ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց արցախցի ուսուցչուհի Անահիտ Գաբուդյանը։ 

Նա տեղեկացրեց, որ իրենք՝ երկու ուսուցչուհիներ, 13-14 տարեկան 18 երեխաների են բերել։

«Հիմա այստեղ ենք մնացել, չգիտենք՝ ով է հյուրանոցի ծախսը հոգում, չգիտենք՝ ինչպես պիտի գնանք, երբ պիտի հասնենք։ Բոլորս էլ մտահոգված ենք, ուզում ենք հարցը լուծում ստանա։ Թե չէ հիմա երեխաները ծնողներից կտրված մեզ հետ են, չգիտենք՝ ինչ է լինելու, ոնց է լինելու։ Երեխաները դպրոց գնալու հնարավորություն էլ չունեն, ու անորոշությունը սպանում է»,- նշեց նա։ 

Ինքն էլ է ընտանիքին թողել Արցախում, երեխաների համար չի մտահոգվում, բայց ծերացած մորը խնամող չկա։ 

«Գլուխներս ո՞ր քարին տանք։ Հիմա գնում ենք Ֆրանսիայի հրապարակ՝ ակցիայի։ Թե ինչ կտա, չգիտենք, բայց դա կարող ենք անել այս պահին»,- ամփոփեց մեր զրուցակիցը։ 

Նարե Գնունի