Կարմիր խաչը իշխանության հետ կապի մեջ է․ ի՞նչ է արվում այս պահին

Կարմիր խաչը իշխանության հետ կապի մեջ է․ ի՞նչ է արվում այս պահին

Արդեն մեկ օր է՝ ադրբեջանցի, իբրև, բնապահպանները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ 

Արդյունքում տուժեցին քաղաքացիները, որոնք այդ պահին գտնվում էին ճանապարհին և նաև այն քաղաքացիները, որոնք պատրաստվում էին Հայաստան գալ։ Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները դեպի Արցախ, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։

MediaHub.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին փոխանցեց, որ այս պահին տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ ծրագրեր դեռ չկան։ 

«Մենք հետևում ենք զարգացումներին։ Քանի որ հիմա կողմերի միջև բանակցային գործընթաց է տեղի ունենում, մենք հետևում ենք իրավիճակին և, բնականաբար, երբ մեր դերակատարումը կարողանա ինչ-որ բան փոխել, ապա մենք նույնպես կներգրավվենք գործընթացին, մենք քաղաքական գործընթացներում չենք կարող ընդգրկվել»,-ասաց Ամատունին։ 

Նա  փոխանցեց, որ հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ իշխանության հետ կապի մեջ են։ Դիտարկմանը, որ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի ռեանիմացիայում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու հոգի, որոնց անհապաղ պետք է տեղափոխել Երեւան՝ մասնագիտացված հիվանդանոց, վերջինս արձագանքեց․ 

«Իշխանությունները գիտեն մեր ծառայության, մեզ դիմելու մասին, երբ մեզ դիմեն, մենք կփորձենք օգնել, այնքանով, որքանով կարող ենք։ Հիմա չեմ կարող ասել՝ դիմել են, թե ոչ։ Մենք փակ ենք աշխատում և չենք ուզում նախապես հայտարարություններ անել»,-ասաց նա։

Ընդգծենք, որ այս պահին ստեղծված իրավիճակով պայմանավորված «Կրամիր խաչը» որևէ մարդասիրական միջամտություն չի հաստատում, սակայն նշում է, որ իշխանությունների հետ տևական կապի մեջ են և անհրաժեշտության դեպքում, համապատասխան դիմումի հիման վրա կարող է առաջարկել իր մարդասիրական ծառայությունները՝ նաև որպես միջնորդ։ 

Լիաննա Թորոսյան