Սմբուկի օգտակար հատկությունները․ այն խոլեստերինի մակարդակն իջեցնելու լավագույն միջոցներից է

Սմբուկի պտղամիսը շատ նուրբ է, կանաչադեղնավուն, պարունակում է շատ ջուր, ունի յուրահատուկ հոտ:
Այն բարձրարժեք սննդամթերք է: Կան տվյալներ, որ սմբուկն ունի արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու հատկություն: Այն արագացնում է խոլեստերինի մուտքը լեղու մեջ եւ նրա դուրս բերումը օրգանիզմից:
Սմբուկը կալիումի հիանալի աղբյուր է. 100 գրամի մեջ՝ 226 մգ, որը նպաստում է ջրափոխանակման կանոնավորմանը եւ սրտամկանի աշխատանքի բարելավմանը: Այն պարունակում է շատ ջուր, բակտերիցիդ հատկություններ ունեցող պեկտինային նյութեր, քիչ քանակությամբ C, PP եւ B խմբի վիտամիններ: Սմբուկը ցանկալի է օգտագործել ոչ միայն սեզոնին, այլեւ պետք է ջանալ մթերման հնարքների շնորհիվ բազմազանել ձմեռային եւ գարնանային սննդակարգը այս չափազանց արժեքավոր բանջարեղենով:
Ցածր կալորիականության շնորհիվ սմբուկը դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Սմբուկը հատկապես օգտակար է աթերոսկլերոզի, կալիումի բարձր պարունակության շնորհիվ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, ցուցված է նաև հոդատապի, հոդաբորբի դեպքում, սմբուկն օգտակար է նաև օստեոպորոզի կանխման, գլխուղեղի անոթների առողջության համար։
Շաքարային դիաբետ ունեցողների սննդակարգում սմբուկն անփոխարինելի տեղ ունի, բայց որևէ դեպքում չարաշահել պետք չէ։
Սմբուկը դրական ազդեցություն ունի նաև նյարդային համակարգին, անոթների ամրացման հատկության շնորհիվ, ինչպես նաև PP վիտամինի բարձր պարունակությամբ սմբուկն օգնում է առավել հեշտ հաղթահարել նիկոտինից հրաժարումը։
Սմբուկը օգտակար է նաև սակավարյունության դեպքում, նպաստում է նաև ոսկորների ամրությանը։ Հատկապես ցուցված է ներառել այն երեխաների ճաշացանկում, որ ունեն ցածր հեմոգլոբին, ավելորդ քաշ։