Կրոկուսի ահաբեկչության հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ․ Պատրուշև

Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ։
Հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Ըստ նրա՝ ահաբեկչության հետևում կանգնած է Միացյալ Նահանգները, որը «վերահսկում է Ուկրաինայի իշխանությունները և ստեղծել է Ռուսաստանում արգելված և ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետությունը»»։
«Նրանք փորձում են մեզ պարտադրել, որ ահաբեկչությունն իրականացրել է ոչ թե Կիևի ռեժիմը, այլ արմատական իսլամական գաղափարախոսության կողմնակիցները, հավանաբար ԴԱԻՇ-ի աֆղանական ճյուղի անդամներ», - ասել է Պատրուշևն Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների 19-րդ տարեկան հանդիպման ժամանակ.
«Սակայն շատ ավելի կարևոր է արագ պարզել, թե ով է այս զազրելի հանցագործության պատվիրատուն ու հովանավորը: Հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ։ Բայց բոլորը լավ գիտեն, որ Կիևի ռեժիմն անկախ չէ և ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից։ Պետք է նաև հաշվի առնել, որ ԴԱԻՇ-ը, Ալ-Քաիդան և այլ ահաբեկչական կազմակերպություններ ստեղծվել են Վաշինգտոնի կողմից»,- հավելել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Նիկոլայ Պատրուշևը նաև նշել է, որ ահաբեկչությունն իրականացրած անձինք բերման են ենթարկվել Ռուսաստանի սահմանին մոտենալու փորձի ժամանակ, որտեղ, ըստ նրա, ուկրաինական կողմից անցման պատուհան է պատրաստվել։
Նրա կարծիքով՝ հատկանշական է, որ ահաբեկչությունից անմիջապես հետո Միացյալ Նահանգները սկսել է «ակտիվորեն առաջ տանել Ուկրաինայի չներգրավվածության թեզը»։
Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան՝ Picnic խմբի համերգի մեկնարկից քիչ առաջ։ Զոհվել է 144 մարդ, վիրավորվել՝ համալիրի 551 այցելու։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ամերիկյան հետախուզական ծառայությունները հայտնել են խմբավորման ներգրավվածության մասին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչությունն իրականացրել են արմատական իսլամիստները։ Միաժամանակ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը խոստովանել է, որ ահաբեկչությանը կարող են ներգրավված լինել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Վերջինները հերքել են իրենց ներգրավվածությունը։