Մեծամորը՝ աղբի մեջ, ո՞րն է պատճառը, որ քաղաքը վերածվել է աղբանոցի՝ բաց երկնքի տակ

Մեծամոր քաղաքը աղբի մեջ կորած է։ MediaHub.am-ի տեսախցիկը ֆիքսել է քաղաքի տարբեր հատվածներում տեղակայված աղբամաններն ու դրանց հարակից տարածքը, վիճակը, մեղմ ասած, անմխիթար է։
Մենք զրուցեցինք համայնքի բնակիչներից մեկի հետ, որը նկատեց․ «Աղբամանները լիքն են, դրանց կողքով անցնել չի լինում, գարշահոտությունից խեղդվում ենք։ Մարդիկ անգամ չնախատեսված հատվածում են աղբ նետում։ Օրինակ՝ կրպակի հետևի հատվածը վերածվել է աղբանոցի»։
Մեր զրուցակցի խոսքով՝ աղբամանները գտնվում են հենց շենքերի դիմաց, և առաջին հարկում բնակվողներն ուղղակի խեղդվում են, դե ճանճերի ու միջատների մասին էլ խոսք չկա։
«Հատկապես ամռան ընթացքում պետք է շատ լավ իրականացվի աղբահանությունը, բայց մեր մոտ հակառակ պատկերն է։ Ամեն օր պիտի աղբը տանեն, բայց այդպես չեն անում»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ հատկապես ծայրահեղ է վիճակը շաբաթ և կիրակի օրերին, երբ աղբահանության որևէ աշխատանք չի իրականացվում։
Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանի հետ։
Նրա խոսքով՝ երկու օր է, ինչ քաղաքում նման խնդիր է առաջացել, աղբատար մեքենան է խափանվել։
«Հիմա ձեռքով են աղբը հավաքում, մեքենան հին է, ու մենք ծրագիր ենք ներկայացրել նորը ձեռք բերելու համար։ Հենց նոր էլ համայնքապետարանում խորհրդակցություն էր այդ թեմայով։ Մինչև օրվա վերջ խնդիրը կլուծենք։ Հարևան համայնքից ենք մեքենա խնդրել, շուտով կգա»,- նշեց Եղիազարյանը։
Ինչ վերաբերում է հանգստյան օրերին աղբահանություն իրականացնելուն, ապա Մեծամորի համայնքապետի տեղակալը վստահեցրեց, որ միայն կիրակի օրերին աղբատարը չի աշխատում, բայց եթե խնդիր է առաջանում, աղբամանները լցվում են, անգամ այդ օրն են աշխատանքներ իրականացվում։
Ըստ Արբակ Եղիազարյանի՝ այժմ նաև աշխատանքներ են տարվում համայնքի աղբատարը վերանորոգելու ուղղությամբ։
Լուսանկարներն արված են Մեծամորի 8B2 և 6B2 շենքերի հարակից տարածքներում։
Նարե Գևորգյան