Արձակուրդում եմ, չեմ խոսելու․ ՀՊՏՀ ԲՄ ամբիոնի նորանշանակ վարիչը խուսափում է Փաշինյանի հետ կապից խոսել

Այսօր մամուլը գրեց, որ հուլիսի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ է ընտրվել իջևանցի Հայկ Քամալյանը, ով, ըստ շրջանառվող լուրերի, մտերիմ է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ:
Նշվում էր, որ նախկին ամբիոնի վարիչ Մհեր Աղալովյանը, որը շուրջ հինգ տարի` 2017-2022 թթ․, զբաղեցրել է ՀՊՏՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը և վայելում է Տնտեսագիտական համալսարանի թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգանքը, չի առաջադրել իր թեկնածությունը: Բայց դա ոչ թե կամովին կայացված որոշում է եղել, այլ նրան պարտադրել են չառաջադրվել, որ իջևանցի անփորձ երիտասարդը, ով ընդամենը 32 տարեկան է, դառնա այս կարևոր ամբիոնի վարիչը:
Թեմայի շուրջ MediaHub.am-ը փորձեց զրուցել Հայկ Քամալյանի հետ։ Մեր՝ մոտ 45 վայրկյան տևած զրույցը՝ առանց խմբագրման, ստորև․
- Պարո՛ն Քամալյան, հարցս այսօրվա մամուլի հրապարակումների մասին է:
- Ի՞նչ թեմա է, որ։
- Դե, որ Ձեզ Նիկոլ Փաշինյանի ֆակտորը հաշվի առնելով են նշանակել այդ ամբիոնի վարիչ։
- Ես արձակուրդում եմ, չեմ խոսում։
- Բայց այսօրվա կարևոր թեմաներից մեկը Ձեր նշանակումն է։
- Չեմ մեկնաբանում։
- Իսկ Ձեր մասնագիտական որակներից ինչո՞ւ չի խոսվում, առիթ է, որ մեկնաբանեք, արձագանքեք։
- Ինձ հանգիստ թողեք, չեմ ուզում խոսել։
- Բայց։
- ․․․ տու, տու, տու։
Նարե Գևորգյան