Ինֆեկցիոնի իրավաբանը դատարանում հաղթել է իրեն ապօրինի ազատած տնօրենին՝ ստանալով խոշոր չափի փոխհատուցում

Ինֆեկցիոնի իրավաբանը դատարանում հաղթել է իրեն ապօրինի ազատած տնօրենին՝ ստանալով խոշոր չափի փոխհատուցում

Նորքի Ինֆեկոցիոն հիվանդանոցի իրավաբան Հասմիկ Մանուկյանը դատարանում հաղթել է իրեն աշխատանքից ապօրինի ազատած տնօրեն Ստեփան Աթոյանին, և հիմա պետք է բավականին խոշոր չափի փոխհատուցում ստանա պետբյուջեից։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ սուր քննադատության ենթարկելով իրեն ազատած տնօրենին։ Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել երեկ։

Նշենք, որ առողջապահական համակարգում սա արդեն երրորդ հաղթանակն է՝ ընդդեմ ապօրինի ազատաումների և այդ հրամանները ստորագրած ղեկավարների։ Նախորդ երկուսը անձամբ նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ էին․ հիշեցնենք՝ Անանիտ Ավանեսյանը նույն կերպ ապօրինի աշխատանքից ազատել էր  Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին և «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի Արտակ Մանուկյանին։ Երկուսն էլ հաղթել են դատարանում Ավանեսյանին և վերականգնվել իրենց պաշտոններում՝ ստանալով փոխհատուցումներ։ Հիմա հերթը Հասմիկ Մանուկյանինն է։

Նա Mediahub-ին պատմեց, որ Ստեփան Աթոյանն իրեն աշխատանքից ապօրինի ազատել է 2022 թվականի հոկտեմբերի 11-ին։ Բայց նախ իր մեկ ամբողջական դրույքը նվազեցրել դարձրել է կես դրույք՝ համապատասխանաբար կրճատելով աշխատավարձը։ Մանուկյանը պահանջել է տրամադրել հիմքերը, որոնք չեն տրամադրել, որից հետո արդեն Ինֆեկցիոնի տնօրենը իրեն ազատել է աշխատանքից։ Նույն կերպ աշխատանքից ազատել է նաև Համսիկ մանուկյանի ամուսնուն, որը այդ նույն հիմնարկում տնտեսագետ էր աշխատում։ Ամուսնու գործը հիմա դեռ դատարանում է․ Առաջին ատյանի դատարանը մերժել էր իրենց հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը բավարարել է հայցվոր կողմի բողոքն ու նորից ուղարկել Առաջին ատյան։ Մանուկյանը վստահ է՝ ամուսնու գործով ևս հաղթանակ կունենան, քանի որ նույն «քեյսն» է, և եթե ինքը հաղթել է, ամուսնու դեպքում ևս դատարանը պետք է որ իրենց օգտին վճիռ կայացնի։ Նա նաև նշեց, որ ինքն ու ամուսինն աշխատանքից ազատվել են՝ իրենց խնամքին ունենալով երեք անչափահաս երեխա։ 

«Ինքը 2022 թվականին նշանակվեց, հասցրել եմ երևի թե ամիսուկես իր հետ աշխատել։ Առանց որևիցե պատճառի, իրականում, որովհետև չէի էլ ճանաչում իրեն, ինձ և ամուսնուս ծանուցում է գալիս, որ մեր մեկ ամբողջ դրույքը դառնում է կես դրույք։ Դե, որպես իրավաբան, պիտի հիմքերն ուզես, որ հասկանաս՝ որն է պատճառը, որ իրավաբանի հաստիքը, որը մշտապես գործել է մեկ դրույքով, դարձնում են կես դրույք։ Բնականաբար, մինչև վերջին վայրկյանն էլ իրենք ինձ չտրամադրեցին, այլ տրամադրեցին միայն նախարարի հրաման, որով հաստատվել է հաստիքացուցակը, բայց թե ինչն է հանգեցրել դրան, ինչ գնահատում են արել, որ աշխատանքի ծավալը մեկ դրույքի չի, դա չեմ կարող ասել։ Ընդ որում, կես դրույք դարձնելով հանդերձ՝ չեն նվազեցրել պարտականություններս։ Երվ երբ ես ասել եմ, որ տան պատճառն ու հիմքերը, ինձ տվել են նախարարի հրամանը, գրել եմ, որ սա բավաարր չէ՝ դու տուր ինձ այն հիմքը, որով նախարարը հանգել է նրան, որ կես դրույքի է։ Բնական է՝ ինքը դա չկարողացավ տալ։ Տվեց երկրորդ ծանուցումը, որ այսքան օրվա ընթացքում դիրքորոշում հայտնի՝ համաձա՞յն ես, թե՞ չէ։ Նորից գրեցի՝ «ինձ տուր, ես կմտածեմ՝ իրավաչա՞փ է, թե՞ ոչ»։ Տվեց երրորդ ծանուցումը, և երրորդով էլ ասաց՝ «35 օրվա ընթացքում ինձ ասա՝ համաձա՞յն ես, թե՞ ոչ, եթե ոչ՝ ես քո պայմանագիրը կլուծեմ»։ Բայց 14-րդ օրը ինքը իմ և ամուսնուս պայմանագիրը լուծեց՝ չսպասելով անգամ այդ ժամկետը լրանալուն»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ դատարանը բավարարել է իր պահանջը մասնակի՝ միայն փոխհատուցման մասով։ Իսկ աշխատանքի վերականգնում տեղի չի ունեցել 

Փոխհատուցման գումարն էլ, թեև Հասմիկ Մանուկյանը ստույգ չնշեց, բայց ասաց՝ շուրջ 10 մլն դրամի կարգի է։

Մեր հարցին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անմիջական միջամտությունն ինքն այստեղ տեսնո՞ւմ է, քանի որ նրա նշանակած կադրն է Ստեփան Աթոյանը, Մանուկյանը բացասական պատասխան տվեց․ «Չէ, չեմ կարող նման բան ասել։ Ես ինձ իրավունք չեմ վերապահի, բացի այդ, նախարարը դժվար թե իմանա՝ իր ենթակա կառույցում ինչ է կատարվում։ Բնական է, իրեն ներկայացնում են՝ ինչ է կատարվել, ու ոնց ներկայացնում են՝ ինքը այդպես ընդունում է։ Բայց ես ինչպես տեսչական մարմին, այնպես էլ նախարարություն եմ դիմել գրությամբ՝ խնդրելով ծառայողական քննություն բացել, բայց իրենք ինձ մերժեցին՝ պատճառաբանելով, որ ես ծառայող չեմ և պետք է խնդրեի, որ կարգապահական վարույթ հարուցեմ։ Դե, հիմա, արդեն խնդրելու եմ, որ կարգապահական վարույթ հարուցվի»։

Վահե Մակարյան