ՏԿԵՆ-ը՝ «Բոգո»-ի պաշտպան. տուժում են արմավիրցիները

ՏԿԵՆ-ը՝ «Բոգո»-ի պաշտպան. տուժում են արմավիրցիները

Այսօր MediaHub-ը հրապարակում էր արել՝ նշելով, որ Արմավիրի մարզի բնակիչները առավոտյան կանգնել են փաստի առաջ՝ հանրային տրանսպորտ չկա, որով կարողանան հասնել Երևան՝ աշխատանքի կամ դասի։ Նաև նշել էինք, որ մարզը սպասարկում են «Գալակտիկա տրանս» մասնավոր ընկերության մեքենաները։

Մեր նախնական տեղեկություններով՝ մեքենաները որոշել են չաշխատել, քանի դեռ ուղեվարձը չի թանկացել, սակայն «Գալակտիկա տրանս»-ը քիչ առաջ մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը։

«Մեր մեքենաները երեկ և այսօր չեն աշխատել, սակայն պատճառն այն չէ, որ ուզում են ուղեվարձ բարձրացնել։ Մենք ենք մարզը սպասարկում ու տարիներ շարունակ պայքարում ենք անօրինականության դեմ։ Երևան-Արմավիր-Երևան երթուղում երեսունից ավելի մեքենաներ են գործում, հիմա դատական պրոցեսների մեջ ենք։ Բայց անդրադառնանք թեմային․ երեկ պարեկները կանգնեցրել են մեր մեքենան, ասել են՝ դուք հիմա տեղեկանք չունեք, ու մեքենաները տանելու ենք տուգանային հրապարակ։ Բայց այդ տեղեկանքը չունենք, քանի որ նախարարությունը չի տվել մեզ այդ տեղեկանքը։ Մենք էլ չենք պատրաստվում անօրինական քշել, քանի որ արդեն մի մեքենա տարել են»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչը։

Ըստ նրա՝  ՏԿԵՆ-ը պետք է իրենց տեղեկանք տրամադրի, սակայն դեռ չի տրամադրել, այդ տեղեկանքը նրա համար է, որ իրենց մեքենաները կարողանան տանել տեխսպասարկման, մինչ այդ նման պահանջ չի եղել, տեխսպասարկումն առանց տեղեկանքի էլ է եղել, սակայն օրենքում նոր կարգավորումներ կան ու այդ տեղեկանքը պետք է։

«Մեզ ՏԿԵՆ-ից երեկ ասացին՝ դուք դուրս եկեք, աշխատեք, օրվա երկրորդ կեսին մենք ձեր հետ կկապվենք, հարցին լուծում կտանք։ Բայց հեռախոսով ասել՝ դուրս եկեք, մենք հարցը կլուծենք, ռեալ չի։ Որևէ հավաստիք, որ մեքենաները չեն տանի տուգանային հրապարակ, չկա։ Հիմա մենք սպասում ենք, որ տեղեկանքը տան, մենք էլ աշխատենք»,- ասաց մեր զրուցակիցը։

«Գալակտիկա տրանս»-ը վերջին մրցույթում էլ է հաղթել, բայց նախարարությունն այդ մրցույթն անվավեր է ճանաչել, իրենք էլ դատի են տվել ՏԿԵՆ-ին, առաջին ատյանում հաղթել են։ Դատական հաջորդ նիստը փետրվարի 1-ին է։

«Նախկինում տեղեկանքը վեց ամիսը մեկ տրվում էր, բայց հիմա, արդեն 2.5 տարի մենք պայքարում ենք տեղեկանքի համար»,- տեղեկացրին ընկերությունից՝ հավելելով, որ շատ փոխադրողներ էլ հիմա չունեն այդ տեղեկանքը, բայց որևէ նման խնդրի չեն բախվել։

Դատական նիստից հետո, եթե ընկերությունը Վերաքննիչում էլ հաղթի, ապա կկարողանա պայմանագիրը կյանքի կոչել, որով երեսուն նոր մեքենա կբերվի ու կմտցվի երթուղի։

MediaHub-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՏԿԵՆ-ը հստակ «աշխատում է» «Գալակտիկա տրանս»-ի դեմ։ Պատճառն այն է, որ այս ընկերության մրցակից ընկերությունը, որն առանց որևէ մրցույթ հաղթելու սպասարկում է Երևան-Արմավիր երթուղին, պատկանում է «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանին։

Հիշեցնենք, որ վերջինս Կենտրոնական ավտոկայանում տարածքներ ուներ և մեղադրվում էր այնտեղ յուրացումներ կատարելու մեջ։

Նարե Գնունի