Ֆիզկուլտուրայի ուսուցիչն անգամ ասել է՝ «ուզո՞ւմ եք հագուստս հանեմ, տեսեք՝ ինձ չեն ծեծել»

Ֆիզկուլտուրայի ուսուցիչն անգամ ասել է՝ «ուզո՞ւմ եք հագուստս հանեմ, տեսեք՝ ինձ չեն ծեծել»

Քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, թե երեկ՝ 23.01.2024թ. Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի ուսմասվար Ղուլյան Կարինեի դասղեկական դասարանից 2 աշակերտ ծեծի են ենթարկել նույն դպրոցի ֆիզկուլտուրայի 70 ամյա ուսուցչին` հարվածելով նրա մարմնի տարբեր հատվածներին։ Նշվում էր, թե իբր դպրոցի տնօրենը թույլ չի տվել շտապ օգնություն կանչել, փոխարենը նա կանչել է իր ծանոթ բժշկին, որ ուսուցչին առաջին օգնություն ցուցաբերի, իսկ աշակերտները միայն նկատողություն են ստացել։

Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը MediaHub-ի հետ զրույցում կտրականապես հերքեց տարածված լուրերը։

«Դա սուտ տեղեկատվություն է, նման դեպք մեզ մոտ չի գրանցվել։ Ոստիկանությունն էլ էր կարդացել այդ լուրերը, ինձ ու ֆիզկուլտուրայի ուսուցչին հրավիրել են ոստիկանություն, մենք ներկայացրել ենք, որ նման բան մեզ մոտ չի եղել, սուտ տեղեկատվություն է։ Ուղղակի զարմացած ենք, ի՞նչ ունեն մեր դպրոցի դեմ, որ նման սուտ տեղեկատվություն են տարածում։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչն անգամ ասել է՝ ուզո՞ւմ եք հագուստս հանեմ, մարմինս տեսեք, որ նորմալ վիճակում է, ինձ ծեծի չեն ենթարկել։ Ինքն էլ շատ վատ է զգում, բազմամյա փորձ ունեցող, կամավոր ատեստավորում անցած ուսուցիչ է։ Նա երեխաների, ծնողների կողմից հարգված ուսուցիչ է, շատ վատ է զգում, որ իր մասին նման տեղեկություններ են տարածել»,- նշեց Արիստակեսյանը։

Դիտարկմանը, որ հրապարակման մեջ անուններ կային, արդյո՞ք այդ մարդիկ իրոք աշխատում են դպրոցում, տնօրենը պատասխանեց՝ այո՛, այդ մարդիկ իրենց մոտ են աշխատում, սակայն նման դեպք չի եղել։

Նարե Գնունի