Արայիկ Հարությունյանն ի՞նչ խոսի Նիկոլի հետ, նրա դիրքորոշումն անընդունելի է Արցախի համար․ Բորիս Առուշանյան

Արայիկ Հարությունյանն ի՞նչ խոսի Նիկոլի հետ, նրա դիրքորոշումն անընդունելի է Արցախի համար․ Բորիս Առուշանյան

Արցախում հիմա սպասողական վիճակ է, որովհետև ռուս խաղաղապահների նոր հրամանատարը խոստացել է բանակցել ադրբեջանական կողմի հետ և մեզ հայտնել բանակցությունների վերջնական արդյունքը։ Մեր իշխանության համբերության բաժակը լցվել է, ասում է՝ կա՛մ Լաչինի միջանցքի բացման հարցը լուծեք, կա՛մ դիմելու ենք ինքնուրույն գործողություններ։ Դրանք կարող են լինել միջազգային հանրությանը դիմելուց սկսած մինչև ուժային մեթոդների անցնելը։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Բորիս Առուշանյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին։ 

«Իմ պատկերացմամբ՝ ամենաճիշտը ակտիվ գործողությունների անցնելն է։ Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստելու և հնարավոր չէ սպասել, որ միջազգային հանրությունը մի բան անի։ Մենք պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրության ամբիոններից հնչեն դատապարտող հայտարարություններ, հստակ գործողություններ լինեն։ Ակտիվ գործողություն ասելով ես նկատի ունեմ ուժի կիրառումը, որը պետք է լինի թե՛ ռուս խաղաղապահների օգնությամբ, թե՛ հայկական կողմի, թե՛ առանձին»,-ասաց նա։ 

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է առանձին ուժ կիրառել, վերջինս պատասխանեց՝ շատ դժվար է լինելու, բայց վստահ է՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի չի գնա։ 

«Մեր տեղային գործողություններն արդարացված կլինեն, որովհետև, եթե նրանք նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը խախտում են, ապա մենք մեզ իրավունք կարող ենք վերապահել ցանկացած խախտմանը համարժեք պատասխան տալ»,-նշեց Առուշանյանը։

Հարցին, թե ինչ պետք է անի այս դեպքում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Առուշանյանն արձագանքեց՝ Հարությունյանի վիճակը ծանր է այն առումով, որ, մի կողմից, չի ուզում հայաստանյան իշխանությունների հետ գժտվել, քանի որ Արցախը մեծ կախվածություն ունի հայաստանյան իշխանություններից.

«Մի կողմից էլ հայաստանյան իշխանությունները մեզ անվտանգության երաշխիք չեն տալիս, չեն ցանկանում ակտիվ միջամտել այս գործողություններին, փորձում են ամբողջ ծանրությունը, բեռը գցել ՌԴ խաղաղապահների վրա, բայց պետք է չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագիրը ստորագրվել է նաև Հայաստանի կողմից: Մենք երեք շրջանները հանձնել ենք առանց որևէ կրակոցի, հետևաբար հայաստանյան իշխանությունները ևս ունեն պարտավորվածություն ապահովել մեր բնակչության անվտանգությունը։ ՌԴ խաղաղապահները՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, փորձում են մեղավոր դարձնել հայաստանյան իշխանություններին։ Մեկը մյուսին են մեղադրում, Արայիկ Հարությունյանի այսօրվա դիրքորոշումն այն է, որ երկու կողմերն էլ կատարեն իրենց պարտավորությունները։ Արայիկ Հարությունյանը հիմա պետք է շատ զգուշորեն մոտենա ցանկացած հարցի, որովհետև ինքը մենակ է, առանց օգնության համարձակություն չի ունենա ակտիվ գործողությունների դիմել։ Արարատ Միրզոյանն էլ ԱՄՆ-ում է, ինչ-որ լուրջ սպասելիքներ չունենք, փոքր-մոքր քայլեր կարձանագրվեն, որպեսզի փրկվի նաև Ամերիկայի դեմքը, քանի որ նրանք ուզում են ռուսական կողմին դուրս հանել տարածաշրջանից, բայց Արցախի հարցն էլ փակ տեսքով ադրբեջանամետ լուծում է ստանալու, լղոզված։ Արևմուտքը սա է առաջարկում, Արարատ Միրզոյանն էլ իրավունք չունի առանց արցախյան կողմին լսելու ինչ-որ բանակցություններ վարել Արևմուտքի պահանջներով։ Ես մեծ առաջընթաց չեմ սպասում, որովհետև Ադրբեջանը զիջումների չի գնում, իսկ Հայաստանը փոխզիջման է գնում»,-ասաց նա։ 

Առուշանյանի խոսքով՝ եթե Արցախի շահերը զոհաբերվեն, Հայաստանն է տուժելու ու հարցը լուծում չի ստանա։ 

Դիտարկմանը, թե Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան երկխոսություն, կարծես թե, չկա, վերջինս արձագանքեց․ 

«Արայիկ Հարությունյանն ի՞նչ խոսի Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նրա դիրքորոշումն անընդունելի է Արցախի համար։ Կարծում եմ՝ պետք է խոսեն միայն սոցիալ-տնտեսական, ֆինանսական հարցերի շուրջ, այլ ոչինչ, քաղաքական լուծման առումով իրենք խոսելու բան չունեն. Արայիկը չի կարող Նիկոլի տեսակետն ընդունել։ Բազմիցս է խոսվել այս մասին, տարբեր հարթակներից, մնում է միայն Հարությունյանը դուրս գա, բարձրախոսով ասի՝ ես համաձայն չեմ քո վարած քաղաքականության հետ, այլ ի՞նչ անի, գնա՞ առճակատման… եթե պետք է, դա էլ կանի, բայց սա վերջին քայլն է»,-շեշտեց նա։

Լիաննա Թորոսյան