«Չկա» Արցախը, Արցախից դուրս «չկանք» նաև մենք. «Մեծ հարսանիքից» 15 տարի անց

15 տարի առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին, Արցախում տեղի ունեցավ «Մեծ հարսանիք» խորագիրը կրող, հայկական ամենամեծ հարսանիքը։ Այդ օրն ընտանիք կազմեց 700 զույգ։
Մեկ տարի անց ծնունդների ժողովրդագրության աննախադեպ աճ գրանցվեց։ Միջոցառման նախաձեռնողը հայազգի մեծ բարերար երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանն էր։
Նախաձեռնությանը միացել էին մեկ տասնյակից ավելի գործարարներ։ Ռուբեն Վարդանյանը 700 զույգից 250-ի քավորն էր։ Այդ օրը յուրաքանչյուր զույգի տրվել է 2000 ԱՄՆ դոլար գումար, գյուղաբնակներին՝ նաև մեկական կով։ Պսակադրությունը տեղի էր ունեցել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Շուշիի Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցիներում։ Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ զույգերին տրվել է երեխայի ծննդյան խրախուսական ծրագիր՝ 2000 ԱՄՆ դոլար մեկ երեխայի համար, 3000 ԱՄՆ դոլար երկրորդի համար, 5000 ԱՄՆ դոլար՝ երրորդի համար, 10000 ԱՄՆ դոլար՝ չորրորդին և այդպես շարունակ։
Այսօր հայկական Արցախ չկա…
MediaHub-ը զրուցել է 15 տարի առաջ ամուսնացած, 2 երեխաների մայր Լուսինե Շադյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ անգնահատելի է Լևոն Հայրապետյանի՝ մեծ բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում։
«Արցախյան մեծ հարսանիքի շրջանակում ընտանիք են կազմել շուրջ 700 զույգ, փոքրիկ Արցախի համար դա աննախադեպ էր բոլոր առումներով։ Հետագա տարիներին ևս մեծ բարերարը հետևողական էր իր սանիկների հանդեպ՝ տարբեր ծրագրերի շրջանակներում հովանավորել է նաև մեր երեխաներին։ Իսկ նպատակը Արցախի զարգացումն էր։ Այսօր «չկա» Արցախը։ Արցախից դուրս «չկանք» նաև մենք»,- ասաց նա:
Լուսինե Շադյանը նշեց՝ աննկարագրելի, անբացատրելի զգացողություններ ունի:
«Գոնե այս օրը Ստեփանակերտում Լևոն Հայրապետյանի հուշարձանին ծաղիկներ խոնարհելու հնարավորություն ունեինք։ Իմ ընտանքի երազանքներն էլ մնացին Արցախում, ազատ ու երջանիկ ապրելու նպատակով ընտանիք ձևավորեցի… ամեն ինչ մնաց այնտեղ»,- եզրափակեց Լուսինեն։
Հունան Թադևոսյան