Մենք այդքան ժամանակ չունենք. Իրանի միջամտելը իսրայելա-պաղեստինյան պատերազմին լավ բանի չի բերի

Տարածաշրջանը լուրջ և արմատական փոփոխությունների շրջափուլում է գտնվում այս պահին և այդ փոփոխությունները պայմանավորված են աշխարհքաղաքական իրավիճակի նոր օրակարգի ձևավորման հետ: Մեծ հաշվով՝ մենք ականատեսն ենք աշխարհքաղաքական փոփոխությունների, որոնք իրենց ազդեցությունն են ունենալու մեր տարածաշրջանի վրա։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը։
«Տարածաշրջանի խորքային խնդիրներն ապրում են բովանդակային փոփոխություն, վառ օրինակ է իսրայելա-պաղեստինյան պատերազմը։ Տեղի է ունենում ազդեցության գոտիների վերաբաժանում և տարածաշրջանային մեծ խաղացողների մեջ մրցակցության թեժացում։ Խոսքը ոչ միայն Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի մասին է, այլև Մեծ Մերձավոր Արևելքի, քանի որ հիմնական դերակատարներն առկա են երկու տարածաշրջաններում»,- ասաց Պետրոսյանը։
Եթե խոսենք օրինակներով, շարունակեց քաղաքագետը, տարածաշրջանում ընթացող վերադասավորումների հետևանքով մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է աճել թուրքական գործոնի ազդեցությունը։ Թուրքիան ու Ադրբեջանը միասին կարողացան փոխել տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերը, որոշակիորեն նաև սահմանափակել Արևմուտքի ազդեցությունը.
«Զուգահեռներ անցկացնելով, տեսնում ենք, որ Իսրայելը, ունենալով ԱՄՆ-ի, Արևմուտքի, Ադրբեջանի և որոշակիորեն նաև Թուրքիայի աջակցությունը, փորձում է փոփոխություն մտցնել պաղեստինյան հիմնահարցի մեջ, ըստ էության, օրակարգից դուրս թողնել Պաղեստին պետության ստեղծման ծրագիրը, որը դեռ 1948թ-ին ամրագրվել էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Եվ այդ համատեքստում թուլացնել Իրանի ազդեցությունն ու լայնացնել համագործակցության ծավալը արաբական աշխարհի հետ, դրանով իսկ մեծացնելով հակաիրանական ճակատը»,- ասաց Պետրոսյանը:
Գալով մեզ, նա նշեց, որ իրապես ճգնաժամային ժամանակներ ենք ապրում. հաշվի առնելով Իրանում տիրող տրամադրություններն ու իշխող վարչակարգի բնույթն ու գաղափարախոսությունը, այս պահին Իրանը ներգրավված է իր համար ավելի կարևոր հակամարտությունում.
«Չնայած նրան, որ Իրանն ամեն կերպ խուսափում է ուղիղ կերպով պատերազմի մեջ ներքաշվելուց, հակառակորդներն ամեն բան անում են, որ ուղիղ միջամտություն տեղի ունենա»,-նշեց մեր զրուցակիցը։
Ամփոփելով իր խոսքը Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի համար կարճաժամկետ սցենարում Իրանի ուղիղ միջամտությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը ոչ մի լավ բանի չի բերի, իսկ երկարաժամկետ հեռանկարում Իրանը գուցե և հաջողի, բայց, ցավոք, մենք այդքան ժամանակ չունենք։
«Անգամ ամենակարճաժամկետ պատերազմը մեզ համար կարող է կրիտիկական հետևանքներ ունենալ, ուստի մեզ մնում է միայն հետևել այդ զարգացումներին»,- հավելեց մեր զրուցակիցը:
Մարիա Զարգարյան