Փաշինյանի «ուկրաինացման» անոնսը

«Մեր անվտանգային ոլորտի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել արտաքին ագրեսիայի ժամանակ, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել», - երեկ Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում առանց Ռուսաստանի անունը տալու հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պատերազմից ի վեր ստեղծված վիճակը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ վերջին տարիներին մի քանի անգամ հարձակումներ են եղել, ժողովրդավարությունը ուժեղ հարվածներ է ստացել և շարունակում է ստանալ միշտ նույն սցենարով՝ նախ արտաքին ագրեսիա, ապա դաշնակիցների անգործություն, հետո արդեն նոր պատերազմի սպառնալիքի կամ հումանիտար ճգնաժամի օգտագործում Հայաստանում ներքին ցնցումներ առաջացնելու, ինքնիշխանությունը վտանգելու համար, սակայն վստահեցրել է՝ ամեն անգամ Հայաստանի ժողովուրդն ու ժողովրդավարությունն են փրկել Հայաստանի ինքնիշխանությունը:
Դժվար էր պատկերացնել, որ Եվրախորհրդարանի ամբիոնից Փաշինյանն ունենալու է իր, թերևս, ամենահակառուսական ելույթը: Մինչդեռ բանականությունը ենթադրում էր, որ Հայաստանի ղեկավարը պետք է Եվրոպայի թիվ մեկ ամբիոնն օգտագործեր՝ մեր անվտանգության ապահովման, ներքին բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ քաղաքական պատասխանատվությունն արձանագրելու, նշաձողներ սահմանելու համար:
Մյուս կողմից, արդյո՞ք ադեկվատ է Փաշինյանը, երբ մեկ շաբաթ առաջ Երևանում հայտարարում է արտաքին վեկտորը չփոխելու մասին, հետո վազում է Ստրասբուրգ ու հակառուսական հայտարարություններ է անում՝ մանիպուլյատիվ շեշտադրումներով: Սա խոսում է այն մասին, թե ինչպիսի քաոտիկ, ծրագրազուրկ արտաքին քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ հիմա, Փաշինյանն առաջնորդվում է ոչ թե ռեալիստական մոտեցումներով, այլ պատրանքներով՝ կարծելով, թե Արևմուտքի համար գերակայություն են ոչ թե շահերը, այլ՝ ինչ- որ արժեքներ:
Փաշինյանը Ստրասբուրգի ամբիոնից, ցավոք, անոնսավորեց Հայաստանի ուկրաինացումը:
Վահրամ Բագրատյան