Նիկոլը հակառուսական բոլոր քայլերն անում է Պուտինի հրամանով

Նիկոլը հակառուսական բոլոր քայլերն անում է Պուտինի հրամանով

Վերջին զարգացումների և Հայաստանի մշուշոտ ապագայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:

- Պարոն Ենոքյան, Ձեր վերջին հարցազրույցում հայտարարել եք, որ այն ամենը, ինչ անում է Փաշինյանը, դրանից շահում է Ռուսաստանը: Փաստացի, նա Բիշքեկ չմեկնեց, հստակ պրոարևմտյան կուրս ունի, թեև պնդում է, որ վեկտորը չի փոխելու, Պուտինը նրան արդարացնում է՝ ասելով, որ ՀՀ-ն ոչ մի տեղ էլ չի գնում... դրան հաջորդում է Փաշինյանի ընտանիքի թերթում Պուտինին "նեղացած հարս" անվանելը, երեկվա ելույթը Եվրոպական խորհրդարանում, որը լի էր հակառուսական շեշտադրումներով: Ի՞նչ է շահում ՌԴ-ն, երբ, փաստացի, կորցնում է ՀՀ-ն։

- Համաձայն չեմ այն պնդման հետ, թե Նիկոլը հստակ պրոարեւմտյան կուրս ունի, թեեւ նա ամեն ինչ անում դա ցուցադրելու համար։ Բիշքեկ չմեկնելը, Եվրախորհրդարանում Ռուսաստանին մեղմորեն քննադատելը, ժողովրդարությանը «օվսաննաներ» երգելը, Պուտինին «նեղացած հարս» անվանելը չեն փոխում իրավիճակը։ Ավելի ճիշտ կլիներ ընտանեկան թերթում Պուտինին «ջղային ու պահանջկոտ սկեսուր» անվանել, քանի որ նրա ցանկությունները, անգամ՝ կամակորությունները ինքը կատարում է։

Ամենակարեւոր պրոռուսական հայտարարությունը, որ նա երեկ արեց, դա Մեղրիի միջանցքը հանձնելու պատրաստակամության մասին պնդումն էր։ Որքան էլ Նիկոլը խոսի Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մասին, միջանցքի նկատմամբ հայկական վերահսկողության մասին, եթե նա հանձնում է միջանցքը այն տարածքով, որը գտնվում է ռուսական սահմանապահ զորքերի վերահսկողության տակ, դրանով նա իրականում միջանցքի ողջ կառավարումը հանձնում է ռուսներին․ այստեղ որեւէ պատրանք պետք չէ ունենալ։

Կրկնեմ, Նիկոլը հակառուսական բառեր է ասում Պուտինի հրամանով, որպեսզի հետո Պուտինը Հայաստանի հանդեպ կատարած չարագործությունները բացատրի Նիկոլի հակառուսական խոսույթով, եւ ոչ թե Ռուսաստանի այսօրվա ռազմավարությամբ։ Իսկ Հայաստանից հիմա Ռուսաստանը ոչ մի տեղ էլ չի գնում։ Ռուսաստանի հանդեպ վատ-վատ բաներ ասելով՝ միաժամանակ Նիկոլը Ռուսաստանին աստիճանաբար հանձնում է Հայաստանը, իսկ Պուտինն էլ դրանով վճարում է թուրքերին։ Այս իշխանությունների օրոք Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական գործընկերոջից վերածվել է ստրատեգիական մանրադրամի։ 

- Արդյոք ՀՀ իշխանությունները կամք ունեն պրոհայկական որոշումներ կայացնելու, հայկական շահերն առաջ տանելու, թե մենք շարունակ ունենալու ենք տարածքային կորուստներ: Ի դեպ, իր ելույթում նա կրկնեց անկլավների մասին թեզը, այսինքն՝ ՀՀ-ն առաջիկայում նոր կորուստներ անկասկած կունենա: Ի՞նչ անել: 

- Ոչ, Հայաստանի իշխանությունները չունեն նման կամք։ Անգամ Գրանադայում, երբ Ալիեւը չկար, երբ ոչ ոք Նիկոլին չէր ստիպում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նա կամովին գնաց նման հայտարարության։ Երեկվա իր ելույթում Նիկոլը երեւի մի հարյուր անգամ արտասանեց «խաղաղություն» բառը, բայց միաժամանակ ընդունեց անկլավները Ադրբեջանին տրամադրելու պատրաստակամությունը։ Իսկ ընդունել ադրբեջանական անկլավների գոյությունը Հայաստանի տարածքում, նշանակում է ընդունել Հայաստանի տարածքում անընդհատ պատերազմը։ Պարզ է, որ այդ անկլավներում լինելու է ոչ թե բնակչություն, այլ ադրբեջանական կայազորներ ու ահաբեկչական ճամբարներ, որոնք Հայաստանին ներքաշելու են պատերազմական գործողությունների նոր գալարի մեջ։

Այսինքն, խոսելով խաղաղության մասին՝ իրականում Նիկոլը նոր պատերազմն է նախապատրաստում։ Ցավոք, հիմա այս պլանին դիմակայելու իրատեսական ծրագիր չեմ տեսնում․ Հայաստանի ներքաղաքական դաշտը բազմիցս ապացուցել է, որ ամուլ է, իսկ արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանն այնքան ուժեղ է, որ ոչ մի այլ խաղացող չի կարող մտնել մեր տարածաշրջան։
Քանի դեռ ընթանում է ուկրաինական պատերազմը, քանի դեռ Ռուսաստանին պետք է Թուրքիայի նման ուժեղ թիկունք, քանի դեռ Մոսկվան դրա դիմաց վճարում է հայկական տարածքներով եւ ինքնիշխանությամբ, այս փակ շրջանից ելքը ակնհայտ չէ։

- Հարց ընդդիմության մասին. մենք ունե՞նք ընդդիմություն կամ այլ կերպ՝ տեսնո՞ւմ եք կարող ուժ, որ կարող է գոնե այսօր կանխել հետագա կորուստները, հավանական պատերազմը և այլ արհավիրքներ: 

- Երեկվա ելույթում Նիկոլը քանիցս ակնարկեց, թե Հայաստանում իր դեմ ելնող ուժերը կառավարվում են Ռուսաստանի կողմից։ Իհարկե, սարսափելի կեղծիք է ասելը, թե ինքը վարում է Հայաստանի շահերից ելնող քաղաքականություն, իսկ օտարները փորձում են իրեն խանգարել։ Միաժամանակ, նա ճիշտ է այնքանով, որ Հայաստանի բոլոր, քիչ թե շատ նշանակալի քաղաքական ուժերը գտնվում են ռուսական ծիրում եւ հակառուսական քաղաքականություն չեն վարի։ Նիկոլը Եվրոպային զգուշացնում է, որ իրեն հնարավոր իշխանազրկողները լինելու են ռուսական՝ ի տարբերություն իրեն, ով փորձում է «արեւմտամետ» երեւալ։

Համոզված եմ, հաջորդ քաղաքական ղեկավարը գալու է իշխանության կրկին Ռուսաստանի օժանդակությամբ, սակայն դա կլինի այն ժամանակ, երբ Պուտինը ամբողջապես «քամի» Նիկոլին եւ նրանից այլեւս ակնկալիք չունենա։ Իհարկե, նման պարագայում եկած իշխանությունը, որքան էլ որ փիառվի, չի կարող իրական փոփոխություն մտցնել Հայաստանի քաղաքականության մեջ։

- Պարոն Ենոքյան, վերադառնալով ՌԴ-ին. ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը 2020 թվականից հետո զուտ ֆորմալ բնույթ է կրում, մեկ ամիս է անգամ պաշտոնական ներկայացուցիչ չունենք և չենք էլ ունենա, որքան կարելի է հասկանալ: Բայց ՀՀ-ն ունի՞ այլընտրանքային անվտանգային որևէ համակարգ, որը մեզ կընդունի ու կփոխարինի, ըստ էության, դաշնակցին:

- ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը, որքան էլ որ ֆորմալ է, ունի կարեւոր նշանակություն Ռուսաստանի համար։ Եթե հիշում եք, ՀԱՊԿ զորքերը 2022թ․ երբ մտան Ղազախստան, ապա ՀԱՊԿ հավաքական անվտանգության Խորհրդի նախագահը Հայաստանի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն էր։ ՀԱՊԿ միջոցով Ռուսաստանը նաեւ վերահսկում է Հայաստանի սպառազինությունը։ Օրինակ, Հայաստանից 400 մլն․ դոլար փող է վերցրել, բայց զենքերը չի մատակարարել։

Միաժամանակ, մենք շարունակում ենք մնալ կոլեկտիվ անվտանգության համակարգերի պատրանքների մեջ։ Միանգամից ասեմ, որ այսօր ես չեմ տեսնում ՆԱՏՕ-ն որպես ՀԱՊԿ այլընտրանք, դա պարզապես իրատեսական չէ։ Սակայն շատ երկրներ իրենց անվտանգությունը կառուցում են բլոկային տրամաբանությունից դուրս։ Օրինակ, Ադրբեջանը ֆորմալ առումով չլինելով որեւէ ռազմա-քաղաքական բլոկի մեջ, ճկուն երկկողմանի կապերով կարողացել է այնպիսի անվտանգության համակարգ կառուցել, որ որպես զսպող է համարվում անգամ հզոր Իրանի դեմ։ Որքան էլ մենք ամեն ինչ բացատրենք «խավիարային դիավանագիտությամբ», կամ նավթի գործոնով, իրականությունն այն է, որ Ադրբեջանն իր անվտանգությունը կառուցել է առաջին հերթին ճիշտ աշխարհքաղաքական հաշվարկներով։

Լիա Խոջոյան