Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան լուծելու են Սյունիքի հարցը․ Խաչիկյան 

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան լուծելու են Սյունիքի հարցը․ Խաչիկյան 

Իսրայելա-պաղեստինյան պատերազմն ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռեց իր վրա, շեղելով մեր հակամարտությունից, ինչը հնարավորություն է ստեղծում սադրել Իրանին, որպեսզի միջամտի կոնֆլիկտին և օգտագործելով այդ հանգամանքը հարձակում կազմակերպել Իրանի դեմ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը։ 

«Թուրքիայի և Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծվում Սյունիքի միջանցքն ուժով ստանալու համար։ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը շատ տրամաբանական է. երկուսն էլ հակադրվում են Արևմուտքին, Իրանը շատ է օգնում Ռուսաստանին ուկրաինական պատերազմում, բնականաբար, այս ամենը չի բխում Արևմուտքի շահերից: Նրանք հնարավոր բոլոր տարբերակներով կփորձեն Իրանին ներքաշել կոնֆլիկտի մեջ և կփորձեն թույլ չտալ, որ ստեղծվի Հյուսիս/Հարավ- Իրան/Ռուսաստան դաշինքը»,- նշեց Խաչիկյանը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ տվյալ դաշինքը Հայաստանի համար դրական կլինի, քանի որ Իրանը միակ պետությունն էր, որը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ թույլ չի տա և չի հանդուրժի ՀՀ սահմանների փոփոխությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա  ինչ-որ հարցերի առկայությամբ էլ, բայց այն մնում է մեր դաշնակիցը։ 

Անդրադառնալով 3+3 ձևաչափին, Խաչիկյանը նշեց, որ ցանկացած հարթակում ինչ-որ արդյունքի հասնելու համար պետք է ունենալ փորձ, պետք է ունենալ խելք և պետք է իմանալ՝ դիվանագիտությունն ինչպես է աշխատում։ 

«Վերջին 5 տարվա ողբերգությունը ցույց է տալիս, որ ՀՀ ներկա իշխանությունը չի կարող դրական արդյունքի հասնել և չգիտի, թե դիվանագիտությունն ինչպես է աշխատում։ Այս իշխանությունները կարծում են, որ հոդված գրելով, գոռգոռալով, բացականչություններ անելով և մատ թափ տալով կարող են հարց լուծել, քանի որ չունեն պատրաստություն, փորձ և կրթություն»,- շեշտեց Խաչիկյանը։ 

Ներկա իշխանություններից, շարունակեց միջազգայնագետը, ինքը ոչ մի լավ բան չի սպասում.

«Ինչպես միշտ՝ մեր հարցերը լուծելու են ուրիշները. Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան լուծելու են Սյունիքի հարցը և ես վախենում եմ, որ Իրանին գուցե ինչ-որ առաջարկ անեն, որ նա հետ քաշվի իր դիրքերից և թույլ տա, որ այդ միջանցքը կառուցվի Հայաստանի տարածքով։ Անգամ եթե Իրանի տարածքով ինչ-որ ճանապարհ անցնի Թուրքիայի և Ադրբեջանի համար, ապա դա միայն կարող է ժամանակավոր բնույթ կրել, քանի որ Զանգեզուրի միջանցքն իրենց համար ունի ռազմա-ստրատեգիական նշանակություն։ Հետագայում նրանք ամեն կերպ կփորձեն մտնել Սյունիք»,- եզրափակեց Խաչիկյանը։

Մարիա Զարգարյան