Այսօր իմ ծնունդն է, բայց ես եմ ծաղիկներ տարել որդուս, համբուրել սառը գերեզմանը․․․Մարատի մահից անցել է 7 ամիս 

Այսօր իմ ծնունդն է, բայց ես եմ ծաղիկներ տարել որդուս, համբուրել սառը գերեզմանը․․․Մարատի մահից անցել է 7 ամիս 

«Երեկ գիշեր բացել եմ հեռախոսս ու կարդացել որդուս sms շնորհավորանքը՝ իմ ծննդյան տոնի կապակցությամբ։ Քաղաքում էր, ուշ էր տուն եկել։ Ցանկության մեջ նշել էր, որ «ուզում եմ բոլոր երազանքներդ իրականանան խաղաղ երկնքի տակ», ես էլ պատասխանել եմ՝ «մաման ցավդ տանի, իմ բոլոր նպատակները 3 անուն ունեն՝ Մարատ, Դավիթ ու Մարի, բոլոր երազանքներս ձեր հետ են կապված»։ Իսկ այսօր ես եմ ծաղիկներ տարել իրեն, համբուրել սառը գերեզմանը․ հիմա մաման ո՞նց ապրի առանց քեզ»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտից տեղահանված Լուսինե Բալասանյանը։ Այսօր նրա ծննդյան օրն է, որդու մահվան 7-րդ ամիսը։

Լուսինեն թերթում է հեռախոսի մեջ պահպանված ընտանեկան ջերմ լուսանկարները, երանի տալիս այն ժամանակներին, երբ տանը բացակա մարդ չկար։ Նրա 18-ամյա որդին՝ Մարատ Բալասանյանը, 7 ամիս առաջ այս օրն ընկերների հետ գնացել էր վառելիքի պահեստ։ Պայթյունի դեպքը տեղի է ունեցել երեկոյան, իսկ հարազատներն այդ մասին լսելուց հետո շտապել են դեպքի վայր։

«Մենք վառելիքի խնդիր չունեինք։ Ամուսինս զինվորական է, ժամանակին հոգացել էր բենզինի հարցը՝ «նեղ օրվա համար»։ Անգամ բլոկադայի ժամանակ դա չենք օգտագործել։ Մենք հավաքել ենք մեր իրերը, տեղավորել մեր 2 մեքենաների մեջ ու պատրաստվում էին հաջորդ օրն առավոտյան գաղթել։ Այնքան համերաշխ թաղամաս էր, որ հարևաններով որոշել էինք միասին իրար հետևից գնալ, միմյանց օգնելով։ Այդ օրն առավոտյան նա գնացել է համալսարան վերցրել անհրաժեշտ թղթերը, մանկական հիվանդանոցից փոքր քրոջ՝ Մարիի և դպրոցից եղբոր՝ Դավիթի փաստաթղթերը։ Մարատն ամուսնուս ու եղբոր հետ մեր ավտոտնակի մոտ էին, երբ ընկերները եկան ու ասացին, որ իրենց հետ գնա «Մռակած» լցակայան։ Առանց մեզ տեղյակ պահելու ինքը ոչ մի քայլ չէր անում, հարցրեց հորից, տեղյակ պահեց ու գնաց»,- հիշում է մայրը։

Լուսինեի խոսքով՝ երբ տղաները հասկացել են, որ «Մռակած»-ում վառելիք չեն տրամադրում, Մարատը զանգել է հորն ու ասել՝ «հարևաններին տեղյակ պահի, որ Հայկազովում բենզին են տալիս»։ Հարևան տղաների հետ գնում է նաև Լուսինեի 15-ամյա որդին՝ Դավիթը։ Երբ տեղ են հասնում  տեղի է ունենում ապայթյունը։  

«Ավելի ուշ զանգահարեցինք, երբ անհասանելի էր, անհանգստացանք, հետո արդեն  լսեցինք դեպքի մասին։ Ամուսինս անմիջապես գնաց Հայկազով»։ 

Երիտասարդ կինը դժվարանում է նկարագրել ապրումները։ Մի կողմից՝ անձրև, մյուս կողմից՝ կրակ, որ չէր խնայում ծեր ու ջահել։

«Դավիթս թեթև վնասվածքներ էր ստացել, իսկ ահա Մարատիս մենք շարունակեցինք փնտրել դեպքին հաջորդած 3 օրերի ընթացքում ևս։ Մի քանի րոպեի ընթացքում ամեն ինչ փուլ եկավ, ո՛չ երազանք մնաց, ո՛չ նպատակ և ո՛չ էլ ապրելու ցանկություն»,- արտասվում է Լուսինեն։

Բալասանյանների ընտանիքն Արցախը վերջինը լքածների թվում են։ Գիտակցելով, որ հանրապետական հիվանդանոցն արդեն հանձնում են ռուս խաղաղապահներին, իսկ փրկարարական աշխատանքներն արդեն արդյունք չեն տալիս, իրենք ևս տեղափոխվել են Հայաստան։

«Ճանապարհին Աննա անունով մի աղջիկ է զանգել, թե՝ «Մարատի ընկերուհին եմ», ասաց, որ հետաքրքրվել է այրվածքաբանականում, Մարատ անունով տղա կա, ծնված 2005 թվականին։ Ուրախացա, մտածեցի ինքը կլինի հրաշքով փրկված։ Հետո իմացանք ազգանունը Բալայան էր։ Դեպքից 40 օր անց հաստատվեց որդուս ինքնությունը։ Մարմինն ամբողջական էր, այրվածքներ չուներ, սակայն շնչահեղձ է եղել ուգարից։ Մեր թաղի տղաներից 2 հոգի՝ Մարատս ու Միշան, կրակի զոհ են դարձել, մյուսները՝ այրվածքներ ու թեթև վիրավորում ստացել»։ 

Մայրը հիշում է, որ Մարատը պատերազմի ժամանակ հոգատարություն էր ցուցաբերում ամբողջ հարևաններին։ «Երիտասարդ մայրիկներին նկուղից տուն էր ուղեկցում, անհրաժեշտ իրերը վերցնում հետո իջեցնում։ Նույն ուշադրությանն էր արժանացնում նաև իրենից փոքր երեխաների ու տարեցների հանդեպ։ Հարգված ու սիրված տղա էր թե՛ քաղաքում, դպրոցում և թե՛ ամբողջ թաղամասում։ Նրա բացակայությունը ցնցել է բոլորին, մինչ օրս մեզ հետ հավասար մեր ցավը կիսում են Մարատիս ճանաչողները»։

Որդուց մորը փոխանցել են միայն նրա վզնոցն ու խաչը։ Իսկ այն սերը, որ ստանում էր մայրը որդուց, այժմ փոխանցում են Դավիթը, Մարին ու Մարատի ընկերուհին, Աննան, որ միշտ Լուսինեի կողքին է։

«Աննան օրհնություն է։ Դստեր պես եմ վերաբերվում։ Մարատիս բնավորությունն ունի, ամեն ինչ անում է, որ տրամադրություս փոխի, որ օրս լցնի, հոգ է տանում Մարիի մասին։ Տղաներից հետո Մարիի լույս աշխարհ գալը մի սպասված իրադարձություն էր։ Նրան առանձնահատուկ խնամում էր Մարատը։ Եվ այնքան սեր է տվել քրոջը, որ աղջիկս չնայած իր տարիքին հիշում է, ցույց է տալիս եղբոր նկարն ու ասում՝ «Մարատը գնացել է ջուր բերելու, մաման լաց է լինում, պապ կարա՞ս Մարատին շուտ բերես, որ մաման էլ չլացի»։ Եղբոր թիկունքն էր, երբեք նրան մենակ չէր թողնում, իսկ հիմա մենք բոլորս ենք որբացել առանց Մարատի»,- արտասվում է Լուսինեն` նշելով, որ որդու 18-ը լրացել էր օգոստոսին, բանակ զորակոչվելու տարիքի էր։ Արցախի համալսարանում իրավաբանություն էր սովորում, որոշել էր տեղահանվելուց հետո ուսումը շարունակել Երևանում։ 

Հունան Թադևոսյան