ՊՆ-ն հերքում է․ ծնողներին չեն հորդորում որդիներին Եռաբլուրում չհուղարկավորել

ՊՆ-ն հերքում է․ ծնողներին չեն հորդորում որդիներին Եռաբլուրում չհուղարկավորել

Այսօր մամուլը գրել էր, որ զոհվածների ծնողներին համոզում են որդիներին չհուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

«Հերացու դիահերձարանում մինչև այժմ չնույնականացված դիեր կան, իսկ արդեն նույնականացվածների հարազատներին ուժային կառույցներից հորդորում են չհուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում: Պատճառաբանությունն այն է, թե իբր չեն ցանկանում Եռաբլուրն այդքան մեծանա, և համոզում են, որ տղերքինհուղարկավորեն ընտանեկան գերեզմաններում»,- ասվում է տարածվող նյութում։

MediaHub.am-ը կապ հաստատեց պաշտպանական գերատեսչության հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք իրական են այս լուրերը և իրապես նման հրահանգ եղե՞լ է։ 

«Չի համապատասխանում իրականությանը, հորդորում ենք այդօրինակ ապատեղեկատվություն այլևս չտարածել»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 

Հավելենք, որ սեպտեմբերի 15-ից սկսած, ամեն օր Եռաբլուրում նոր փոսեր են փորվում, և պանթեոնն օր օրի ավելի է մեծանում։ Բայց թե քանի հերոսի մարմին է վերջին ագրեսիայից հետո ամփոփվել Եռաբլուրում, դեռևս հայտնի չէ, ավելին՝ ՊՆ-ն նպատակահարմար չի համարում այս օրերին Եռաբլուրում նկարահանումներ իրականացնելը թույլատրել։

Նարե Գնունի