Ի՞նչ վիճակ է Կուտականում․ մանրամասներ է ներկայացնում համայնքապետը

Ի՞նչ վիճակ է Կուտականում․ մանրամասներ է ներկայացնում համայնքապետը

Մոտ 5-10 րոպե կրակեցին, հետո լռեցին։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կուտական համայնքի ղեկավար Մակիչ Թովմասյանը՝ հաստատելով լուրը, որ թշնամին այսօր կրկին սադրանքի է դիմել։ 

«Կրակոցներ հիմա չկան։ Բայց իրենց դիրքը մեր դիրքից բարձր է, մենք իրենց դիտարկման տակ ենք։ Ընդհանուր գյուղը թշնամու դիտարկման տակ է»,- պատմեց համայնքի ղեկավարը։ 

Նա նշեց, որ կրակոցներից որևէ մարդ կամ ենթակառուցվածք չի տուժել։ Հարցին, թե ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ից մեկնարկած ագրեսիայից հետո որևէ նյութական վնաս գյուղը կրե՞լ է, համայնքի ղեկավարը պատասխանեց՝ գյուղ արկեր ընկել են, բայց որևէ ենթակառուցվածք, տուն չի տուժել։ 

«Զոհ ևս, բարեբախտաբար, չենք ունեցել»,- նշեց Մակիչ Թովմասյանը։ 

Բայց և այնպես, գյուղը դատարկվելու վտանգի տակ է, այս պահին միայն տղամարդիկ են այնտեղ։ 

«Դե, կանայք ու երեխաները գյուղում չեն, մեկ-մեկ կանայք գալիս են, բայց էլի գնում, դեռ վտանգ կա»,- ասաց համայնքապետը։

Նարե Գնունի