Պատի՞ժ, թե՞ նոր պաշտոն. ի՞նչ է սպասվում Նազելի Բաղդասարյանին

Պատի՞ժ, թե՞ նոր պաշտոն. ի՞նչ է սպասվում Նազելի Բաղդասարյանին

Նազելի Բաղդասարյանը վարչապետին է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իր դիմումը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար», - գրել է նա:

Բաղդասարյանը, սակայն, պատճառների մասին չի խոսել: Չի նշել նաև, թե արդյոք որևէ այլ աշխատանքի է անցնում, թե ոչ:

Շատ հնարավոր է՝ այս հոդվածի թանաքը դեռ չչորացած, հայտնի դառնա, որ Նազելի Բաղդասարյանը որևէ նոր պաշտոն է ստացել: Դեռ շաբաթներ առաջ հայտնի էր, որ վարչապետը դժգոհ է մարզպետի աշխատանքից, հատկապես՝ ՏԻՄ ընտրությունների համատեքստում, ու նա պաշտոնանկ է արվելու: Անգամ խոսվում էր, թե նա նշանակվելու է արդարադատության փոխնախարար: Իհարկե, կարելի է երևակայությանը զարկ տալ ու Նազելիի համար ավելի խոստումնալից հեռանկար կանխատեսել, մանավանդ, որ արդեն թափուր է ՄԻՊ պաշտոնը կամ նորաստեղծ հետախուզության ղեկավարի հաստիքը:

Սա, իհարկե, վարկածներից մեկն է, շատ հնարավոր է՝ Բաղդասարյանը ոչ թե խրախուսվի, այլ պատժվի: Չմոռանանք, որ վերջերս, եղբոր հետ կապված մի միջադեպի առիթով նա հրապարակային վեճ էր ունեցել ոստիկանության հետ, իսկ Վահե Ղազարյանն այսօր շատ ավելի ազդեցիկ ու կարևոր ֆիգուր է Նիկոլ Փաշինյանի համար, քան նրա քաղաքական թիմից որևէ մեկը:
Այս պատմության մեջ ուշագրավ է նաև բարոյական բաղադրիչը:

ՔՊ-ի հետ խնդիրներ ունեցող Նազելիի եղբայրը ու նախկին մարզպետը հրապարակավ փորձեցին «Սարոյան եղբայրների» մոտիվներով ընտանեկան հակասությունների դրամա խաղարկել, բայց ինչպես տեսնում ենք՝ սա չփրկեց իրավիճակը ու Նազելի Բաղդասարյանը պաշտոնանկ արվեց:

Փաշինյանը «մոռացավ» անգամ, որ Նազելին ու նրա եղբայրը մի քանի անգամ «ջանքեր» են գործադրել՝ Գյումրիում ընդդիմության հանրահավաքը կանխելու նպատակով:
Պատի՞ժ, թե՞ նոր պաշտոն. ի՞նչ է սպասվում Նազելի Բաղդասարյանին. այս հարցի պատասխանը կստանանք առաջիկա օրերին:

Վահրամ Բագրատյան