Քննություն՝ Փաշինյանի սցենարով

Քննություն՝ Փաշինյանի սցենարով

Այսօր հայտնի դարձավ, որ զինվորների կացարանում հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել զորամասի թիկունքի պետի տեղակալի նկատմամբ:

Որոշում է կայացվել Պաշտպանության նախարարության N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

Այդպիսով, քննությունն ընթանում է այն սցենարով, որ դեպքից ժամեր անց թելադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա խոսում է այն մասին, որ իրավապահ մարմինները գտնվում են գործադիր իշխանության և նրա ղեկավարի տոտալ վերահսկողության ներքո, ինչն արդեն իսկ կասկածի տակ է դնում, մի կողմից, ժողովրդավարական, իրավական պետության կոնցեպտը, մյուս կողմից՝ ընթացող քննության անաչառությունը:
Նման դեպքերում, վարչապետը կամ քաղաքական իշխանության որևէ ներկայացուցիչ իրավունք չունի՝ կանխակալ կարծիքով, կանխորոշել նախաքննության ընթացքը, ուրվագծել ենթադրյալ «մեղավորների» ցանկը:

Թերևս, հետաքրքիր է նաև այն հարցի պատասխանը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը գնացել այս ճանապարհով, մանավանդ, որ վստահություն չի առաջացնում. դեպքը գիշերն է եղել, և ինքը ժամեր անց՝ առավոտ կանուխ, արդեն «վերջնական ճշմարտություն» է ներկայացնում:

Փաշինյանի նման վարքագիծն, անշուշտ, քաղաքական ենթատեքստ ունի: Նա փորձում է իրեն ու քաղաքական իշխանությանն ապահովագրել տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվության հեռանկարից, մեղավորության սխալներն ուղղել սպաների ու զինվորներ ուղղությամբ:

Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ՔՊ ողջ վերնսխավն այս օրերին զբաղված է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի «կրքոտ» պաշտպանությամբ:

Այսպիսին է Փաշինյանը բոլոր հարցերում: Արտաքին ու ներքին քաղաքականության բոլոր ձախողումների համար կան «նշանակված մեղավորներ», որոնք, իհարկե, դուրս են Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից, ավելին՝ «ալիբիներ» են ստեղծում հենց իր՝ Փաշինյանի «անմեղության» համար:

Վահրամ Բագրատյան