Ժողովուրդը պահանջում է Պապիկյանի հրաժարականը, իշխանությունը գնում է Օհանյանի «հետևից»...

Ժողովուրդը պահանջում է Պապիկյանի հրաժարականը, իշխանությունը գնում է Օհանյանի «հետևից»...

Երկուշաբթի օրը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։

Դատախազությունը նշում է, որ Չարչյանը քրեական գործով, որպես փորձագետ, ընդգրկված է եղել Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում և 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը:

Հունվարի 20-ին էլ գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին, որ համաձայնություն տան քրեական հետապնդում սկսել «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։

Դատախազը միանգամից երեք միջնորդագիր էր ներկայացրել։ 

Այս միջնորդությունների քաղաքական հետագիծն ակնհայտ է: Իրավիճակը զավեշտալի էր հատկապես Սեյրան Օհանյանի գործի պարագայում:

Այս իշխանություններն ամեն իրավիճակի համար պատրաստի սցենար ունեն:
Սեյրան Օհանյանին վաղուց էին ցանկանում զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց պահում էին «հարմար դեպքի» համար:

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցի ողբերգական դեպքից հետո, երբ երկիրը պահանջում է Սուրեն Պապիկյանի հրաժարականը, Սեյրան Օհանյանի գործը մեջտեղ բերեցին այն տրամաբանությամբ, թե մեր ուսուցիչն «անմեղ» է, դուք ձեր «թալանչի» գեներալին տեսեք:

Եթե նույնիսկ Սեյրան Օհանյանի դեմ հարյուր հիմնավոր գործ հարուցեն, նրա անուրանալի ավանդն Արցախյան առաջին պատերազմում սրբագրել չեն կարող, հետաքրքիր է՝ գործող իշխանության ներկայացուցիչներն ի՞նչ «մեղմացուցիչ հանգամանք» են գտնելու իրենց համար, երբ գալու է նրանց հետևից գնալու ժամանակը:

Երբ երկիրը կանգնած է արտաքին մարտահրավերների առաջ, իշխանությունն ինքն է որոնում քաղաքական կոնսոլիդացիայի, ազգային համերաշխության բանաձևեր: Երբ գործող իշխանությունը գնում է հակառակ տրամաբանությամբ, մնում է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հակառակորդի ճնշումներին տրվելու մարտավարություն է որդեգրել ու մտադիր է երկրի ներսում չեզոքացնել դիմադրության հնարավոր օջախները:

Վահրամ Բագրատյան