Գուցե որոշ ձևակերպումներ անհաջող էին, բայց Թովմասյանի պահանջը նախագահի հրաժարականը չէր․ Արամ Հարությունյան 

Գուցե որոշ ձևակերպումներ անհաջող էին, բայց Թովմասյանի պահանջը նախագահի հրաժարականը չէր․ Արամ Հարությունյան 

Իշխանության մեջ բևեռում և պառակտում, միանշանակ, չկա։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ խոսելով երեկ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարության մասին։ 

Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը երեկ հայտարարությամբ է հանդես եկել խորհրդարանի նիստի ժամանակ՝ նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկելով Պաշտպանության պետական կոմիտե ստեղծել: Այդ կառույցում Թովմասյանը կոչ է անում ընդգրկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին: Բացի այս, առաջարկել է նախագահին հրաժարական տալ. 

«Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն»,-ասել էր նա։ 

Հարությունյանը նշեց, որ որևէ որակում չի կարող տալ Թովմասյանի հայտարարությանը։ 

«Ես չեմ կարող ասել՝ այդ հայտարարությունը պետք էր անել, թե ոչ, սա ԱԺ նախագահը պետք է ասի։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, ես գոնե տեղեկացված չէի, բայց հայտարարությունից անմիջապես հետո առիթ ունեցանք պարզաբանում ստանալու և միանշանակ հայտարարության մեսիջն այն չէ, որ նախագահը պետք է հրաժարական տա, այլ այն էր, որ հանրության մեջ բևեռներ չձևավորվեն և նախագահին հորդորել, որ եթե չհաջողվի այդ միասնականությունը ապահովել, ապա դրանից հետո միայն վստահության հանրաքվե անցկացնել և եթե նախագահը վստահություն ստանա, գործի իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, պատերազմից հետո մի քիչ ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել, որպեսզի հանրությունը չպառակտվի, իսկ եթե հանկարծ այդ վստահության հանրաքվեն բացասական լինի, ապա այդ ժամանակ նախագահը պետք է հեռանա և տեղ բացի այն մարդու համար, որը կունենա այդ վստահությունը։ Թովմասյանի հայտարարության ընդհանուր միտքը սա էր»,- մեկնաբանեց Հարությունյանը։

Արամ Հարությունյանի խոսքով՝ գուցե որոշ ձևակերպումներ անհաջող են եղել, բայց ընդհանուր մեսսիջն այն է, ինչ ինքը ներկայացրեց։ 

«Պետք է բառախաղերը հիմք չվերցնենք, քաղաքական ուղերձ է եղել։ Ես ճիշտ չեմ համարում այն ձևակերպումը, թե Թովմասյանը նախագահի դեմ է խոսել։ Արթուր Թովմասյանը երկար տարիներ է՝ նախագահի թիմակիցն է և կարծում եմ՝ սա թիմակցի մտահոգությունների դիմում է և այն պետք չէ դիտարկել որպես նախագահի դեմ հայտարարություն»,-ասաց նա և հավելեց, որ զարգացումները ցույց կտան, թե ինչ տեղի կունենա։

Լիաննա Թորոսյան