Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերն անցնում են հեռավար ուսուցման, մարդիկ դեռ վախենում են վերադառնալ

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցներից շատերն անցել են հեռավար ուսուցման․ պատճառը թշնամու վերջին հարձակումն է ՀՀ սուվերեն տարածքի վրա։
Եռօրյա պատերազմը շատերին ստիպեց լքել իրենց սահմանամերձ համայնքները։ Օրինակ, Շատջրեք համայնքը բնակիչները սկսել էին լքել հենց սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին սկսել էր հրետակոծել գյուղը։
Համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Երազիկ Աբրահամյանի խոսքով՝ այլ հնար չկար, ծնողները չէին կարող երեխաներին չհեռացնել գյուղից։
«Դե մենք թշնամուն շատ մոտ ենք, կրակոցների ժամանակ երեխաներին տարան։ Հիմա աշակերտների երեսուն տոկոսն է վերադարձել գյուղ, մնացածը Վարդենիսի տարածաշրջանից հեռացել են, դեռ չգիտենք՝ երբ կվերադառնան»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենը։
Նրա խոսքով՝ այդ պայմաններում միակ ելքը հեռավար ուսուցման անցնելն էր.
«Այս մի շաբաթը հեռավար կանցկացնենք դասերը, մինչև հասկանանք՝ ինչ է լինում։ Ես հույս ունեմ, որ շուտով հետ կգան, ծնողների հետ երբ խոսում էի, ասում էին, որ հետ են բերելու երեխաներին»,- ասաց Երազիկ Աբրահամյանը։
Նա նշեց, որ գյուղն այս անգամ էլ, ցավոք, զոհ ունի․ դպրոցի շրջանավարտներից մեկն է զոհվել, մարմինն անգամ դեռ չի հայտնաբերվել։ «Բայց հույս ունենք, որ գյուղը չի դատարկվի, կորուստը չի ստիպի մարդկանց լքել տները, և մեր յոթանասուն աշակերտները կրկին իրենց աղմուկով կլցնեն դպրոցը»,- հավելեց դպրոցի տնօրենը։
Նարե Գնունի