ԶՊՄԿ աշխատակցի սպանության գործը դատախազություն է փոխանցվել

ԶՊՄԿ աշխատակցի սպանության գործը դատախազություն է փոխանցվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 56-ամյա պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության գործը Քննչական կոմիտեն փոխանցել է Գլխավոր դատախազությանը։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ սպանություն է տեղի ունեցել Կապանում։ Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը։ Պահնորդը Կապանի թաղամասերից մեկում՝ Շղարշիկում, որը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է, պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատելիս է եղել։ Նրան սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։

Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի զննությամբ ՝մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում գլխի և որովայնի հատվածում:

Այս պահին ոչ պաշտոնապես սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը, որը հայտնվել էր ՀՀ տարածքում, վերջինիս օրեր անց հայտնաբերել էին Աճանան գյուղի տարածքում։

Երեկ MediaHub-ի հետ զրույցում Աճանան գյուղի բնակիչ Գոռ Օհանջանյանը պատմել էր, որ մարզում մի քանի վարկածներ են պտտվում և առաջինն այն է, որ երբ ադրբեջանցի զինծառայողը հանդիպել է ԶՊՄԿ աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին, իրեն թվացել է, թե ինչ-որ զորամասում է հայտնվել, քանի որ Հայրապետի հագինը զինվորական համազգեստի է նման եղել։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ևս MediaHub-ին փոխանցեց, որ իր տեղեկություններով նույնպես պահնորդի սպանության մեղավորը ադրբեջանցի զինծառայողն է։

«Առաջին հայացքից տպավորությունն այնպես է եղել, թե տվյալ հագուստը սահմանապահ զորքերի համազգեստ է։ Եթե չեմ սխալվում, այդ համազգեստը 20 օր առաջ են փոխանցել պահնորդներին։ Եվ, այո, չեմ բացառում, որ ադրբեջանցի զինծառայողը վախից է սպանել պահնորդին, քանի որ, երբ նայում ենք նրա հետագիծը, պարզ է դառնում, որ մոլորվել է, ենթադրում ենք, որ նրան թվացել է՝ ինչ-որ դիրքում է հայտնվել։ Չեմ բացառում նաև այն վարկածը, թե հեռախոսի համար է սպանել, հնարավոր է նաև, որ պարզապես ազգամիջյան ատելությունն է եղել սպանության պատճառը, բայց այն, որ համազգեստն առաջին հայացքից դժվար էր տարբերել զինվորականից՝ փաստ է»,-ասել էր նա։

Վերջինս այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում հաստատել էր իր խոսքը։

 

Լիաննա Թորոսյան