ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի «մաֆիան» ինձ ծեծի է ենթարկել․ ծեծկռտուք՝ Տեղ գյուղում

ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի «մաֆիան» ինձ ծեծի է ենթարկել․ ծեծկռտուք՝ Տեղ գյուղում

MediaHub-ի տեղեկություններով՝ Տեղ համայնքի մշակույթի տանն այսօր ծեծի է ենթարկվել Տեղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը Զեյնալյանը՝ նշելով, որ իրեն ծեծի են ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ, ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի հետ կապ ունեցող անձինք։ «Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլյանի եւ աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանի ներկայութամբ մշակույթի տանը ինձ ծեծի են ենթարկել ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի ղեկավարած մաֆիան։ Այսօր օրենքը խախտելով, Մելիքսեթ Պողոսյանի հրահանգով, նիստ են հրավիրել ու համայնքի բնակիչներին պարտադրում են, որ գնան սահման ու փոխարինեն աշխարհազորին»,- պատմեց Զեյնալյանը։ Վերջինս նշեց, որ երկու օր առաջ էլ «նույն մաֆիան» ծեծի է ենթարկել Տեղ գյուղի մեկ այլ բնակչի, որը հիմա, ըստ Զեյնալյանի, գտնվում է «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցում։

«Տեղ գյուղից, նույն մաֆիայի ձեռքով, ծեծի ենթարկվեց Աշոտ Գալստյանը, որը վաղը 3 վիրահատություն պիտի տանի։ Քանի որ այս հանցագործությունների հետեւում Մելիքսեթ Պողոսյանն է, իսկ Սյունիքի մարզի դատախազը նրա որդին, բոլոր գործերը ծածկվում են։ Սա արդեն երրորդ դեպքն է, որ այս մաֆիայի կողմից ծեծի եմ ենթարկվում։ Ես պահանջում եմ Տեղ համայնքի հանցագործ ղեկավարի հրաժարականը»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Մասիս Զեյնալյանը նշեց, որ իրեն ծեծի ենթարկելու մասին հայտնել է Ազգային անվտանգության ծառայությանը եւ Պաշտպանության նախարարությանը։

 

Լիա Սարգսյան