Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը չի հաջողվում․ Դավիթ Սարգսյան 

Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը չի հաջողվում․ Դավիթ Սարգսյան 

Ի՞նչ սպասել Բաքու-Ստեփանակերտ հավանական երկխոսությունից, ի՞նչ իրավիճակ է Արցախում․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Սարգսյանի հետ։ 

-Պարոն Սարգսյան, Բաքուն իր հերթին է Ստեփանակերտին երկխոսության հրավիրում, Ստեփանակերտն իր հերթին՝ Բաքվին։ Երկու կողմից էլ հստակ համաձայնություն չկա։ Ի՞նչ պետք է սպասել այս քննարկումներից և եթե հանդիպումներ լինեն, ապա ի՞նչ ընթացք պետք է սպասել։ 

-Բաքուն և Ստեփանակերտը տարբեր օրակարգերով են պատկերացնում երկխոսությունը։ Բաքուն մեզ դիտարկում է մշակութային փոքրամասնություն և նրա կողմից առաջարկվող օրակարգը բացառապես ինտեգրացիայի շուրջ է։ Ստեփանակերտի օրակարգը հումանիտար բնույթի անհետաձգելի հարցերի շուրջ է։ Ինչպես տեսնում եք, քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը չի հաջողվում, մնում է քաղաքական կամք դրսևորել և դիմել ոչ ստանդարտ, բայց ռեալ արդյունք ապահովող քայլերի։ 

-128-րդ օրն է՝ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ի՞նչ տեղաշարժ կա ճանապարհը բացելու ուղղությամբ։

 -Անկեղծ ասած, մեզ ևս հետաքրքրում է, թե կառավարությունն ի՞նչ է անում այս ուղղությամբ։ Նոյեմբերի 9-ի հարակից պայմանավորվածություններով պաշտոնական Ստեփանակերտը վաղուց պետք է շահագործման հանձնած լիներ այլընտրանքային ճանապարհի իր հատվածը։ Սա հանցավոր անգործություն է, հասկանու՞մ եք։ 

-Թշնամին ուժեր է կուտակում Արցախի օկուպացված տարածքում, ի՞նչ մթնոլորտ է Արցախում, նոր հարձակումների վտանգ տեսնո՞ւմ եք։

-Նոր լայնամասշտաբ հարձակման հավանականություն չեմ տեսնում։ Սակայն լոկալ միջադեպերը շարունակվելու են՝ նոր դրսևորումներով և մասշտաբներով։ Մենք, որպես երկրորդ քաղաքական ուժ, նաև այս կապակցությամբ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել կառավարությանը և մնացել անպատասխան։ 

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների ջանքերը Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, առհասարակ՝ տեսնո՞ւմ եք դրանք: 

-Լաչինի միջանցքը բացելու ՀՀ-ի կամ մեկ այլ երկրի ջանքերը ինչպե՞ս պիտի տեսանելի լինեն։ Մամուլի հրապարակումներո՞վ։ Նման բնույթի իրական տեղեկատվությունը, սովորաբար, հասանելի է սահմանափակ շրջանակի։ Ես այդ շրջանակի մեջ չեմ մտնում՝ չնայած, որպես ԱԺ պատգամավոր, պիտի որոշակի տեղեկություններ ստանամ, որպեսզի ինքս իմ հերթին այն փոխանցեմ ժողովրդին։ 

Լիաննա Թորոսյան