Այսօր՝ հոկտեմբերի 22-ին Վաղարշապատում մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Այն կավարտվի նոյեմբերի 14-ին՝ 24.00-ին։ Նոյեմբերի 15-ին կլինի լռության օր, իսկ 16-ին կանցկացվեն ընտրություններ։
Նշենք, որ ավագանու ընտրություններին մասնակցելու է ութ քաղաքական ուժ, որոնք հանդես կգան հետևյալ հերթական համարներով․
1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմված «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը),
2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը),
3․ «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը),
4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը),
5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը),
6․ «Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը),
7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը),
8․ «Հայրենիք» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։
Նշենք, որ ՔՊ-ի թեկնածուն՝ Արգիշտի Մեխակյանը, արդեն իսկ «սկսել է խախտել» քարոզարշավ իրականացնելու կարգը, քանի որ երեկ «բարեգործության» անվան տակ կերուխում էր կազմակերպել Դողս գյուղում։
Այս պահի դրությամբ ՔՊ-ից բացի իր ակտիվությամբ նկատվում է նաև «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը, որն արդեն իսկ ԶԼՄ-ների հետ զրույցում ներկայացրել է, որ աթոռի կռիվ չի անում, իր նպատակը հոգևոր մայրաքաղաք Վաղարշապատը հայկական ու հայամետ պահելն է։
Նարե Գնունի
