Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի, այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից: Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2026 թվականի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի», - նշեց Փաշինյանը։
Բոլորին հասկանալի է, թե ինչով է պայմանավորված նման որոշումը ոչ թե ավելի ուշ, ինչպես նախատեսված էր ի սկզբանե, այլ հենց հունվարի մեկից կյանքի կոչելը՝ նախընտրական շրջանում դիվիդենտներ հավաքելու մոլուցքով:
MediaHub-ը այս թեմայի շուրջ զրուցեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ: Ըստ վերջինիս՝ այս որոշումը ոչ մի դրական կողմ չունի, այլ միայն բացասական ազդեցություն կունենա։
«Հայաստանը չհայտարարված պատերազմի մեջ է. Փաշինյանն ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել, պատերազմող երկրներից մեկը զինվում է հարձակվողական զինատեսակներով ու ավելացնում է զինանձնակազմի քանակը (նկատի ունի Ադրբեջանին – խմբ.), տրամաբանական է, որ նույն բանը պիտի անի հայկական կողմը, բայց Հայաստանը, հակառակը, ռազմական անձնակազմի քանակը կրճատում է, ռազմական ծախսերի բյուջեի համապատասխան հոդվածը պակասեցնում է»,- նշեց փորձագետը։
Ադրբեջանի հարձակվողական ռազմավարության մասին հուշող փաստերից Նահապետյանը մատնանշեց նաև այն, որ վերջերս Բաքուն մեծ զորավարժություն իրականացրեց, ինչը նշան է, որ այդ պետությունը պատրաստվում է Հայաստանի և Իրանի նկատմամբ կիրառել ռազմական գործողություններ։
«Եթե դու անձնակազմի թվաքանակը կրճատում ես և 20-25-օրյա վարժական հավաքների անձնակազմն ես հանում մարտական հերթափոխի, էլ ինչի՞ մասին ենք խոսում: Դա վկայում է այն մասին, որ մեր անձնակազմը չի հերիքում»,- հավելեց Նահապետյանը։
Նրա կարծիքով՝ նման որոշման գլխավոր պատճառներից է առաջիկա ընտրությունները։
«Ես չեմ բացառում, որ մի հատ էլ հունիսից առաջ վեց ամսով կամ մի տարով կկրճատեն, հետո կասեն՝ մեզ բանակ պետք չի։ Այսպիսով, մեր հարևանների հետ որպես չեզոք պետություն բարիդրացիական հարաբերություններ կունենանք, կկատարենք նրանց պահանջները՝ մինչև վերջին կետը, քանի որ, վստահաբար, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը պահանջներ ունեն Հայաստանից»,- ընդգծեց նա։
Նշենք, որ ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ նախագիծն առաջարկել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Ռազմական գերատեսչությունը հիմնավորում է, թե պայմանագրային զինծառողների թիվն է աճել, և թվարկում՝ ինչ գրավիչ քայլեր են արել ու անում պայմանագրային զինվորական ծառայությունն ընդլայնելու համար։
Էմմա Մարտիրոսյան
