Բարձրացած աղմուկից հետո «Երևանի ՋԷԿ»-ում խառնվել են իրար․ Ավինյան-Սանոսյան կոնֆլի՞կտ է հասունանում 

Բարձրացած աղմուկից հետո «Երևանի ՋԷԿ»-ում խառնվել են իրար․ Ավինյան-Սանոսյան կոնֆլի՞կտ է հասունանում 

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում փոխտնօրեն, ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության բաժնի պետ, Տիգրան Ավինյանի աներ Արթուր Պահլավունու միջև ծագած վեճն ու Հովհաննիսյանի կողմից Պահլավունու նկատմամբ բռնություն կիրառելու միջադեպը ներիշխանական կրքեր է բորբոքել։ 

Բանն այն է, որ «Երևանի ՋԷԿ»-ը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող հիմնարկ է և ենթարկվում է նախարար Գնել Սանոսյանին։ Հենց նա է այստեղ որոշումներ կայացնում՝ ում նշանակի, ում ազատի, ում պատժի, ում խրախուսի, բացի այդ՝ Սանոսյանի քույրը (զարմուհին) ևս այստեղ է աշխատում, և տնօրեն Ալիսա Բաղդասարյանի հետ միասին և Գնել Սանոսյանի հովանավորչությամբ հիմնարկը, կարելի է ասել, իրենցով են արել։ Ու քանի որ բոլոր առումներով Սանոսյանի ենթակայության տակ գտնվող հիմնարկում է միջադեպը եղել, այս ամենի համար պատասխանատու է նաև ինքը՝ նախարար Գնել Սանոսյանը, որը թվում էր, թե պետք է քայլեր ձեռնարկեր՝ կոնֆլիկտը հարթելու ուղղությամբ, որ բանը իրավապահներին չհասներ։

Բայց նա, MediaHub-ի տեղեկություններով, որևէ քայլ չի ձեռնարկել, որ կա՛մ պատժի մշտապես ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող և այս անգամ էլ արդեն ուղիղ բռնության դիմած և նույն հիմնարկի մեկ այլ աշխատակցի վնասվածք պատճառած Սարգիս Հովհաննիսյանին, կա՛մ գոնե հաշտեցներ կողմերին, ասենք՝ աներ այնպես, որ Հովհաննիսյանը ներողություն խնդրեր Պահլավունուց, որը ոչ միայն Սանոսյանին ենթակա հիմնարկի աշխատակից է, այլև Սանոսյանի թիմակցի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աներն է։ 

Մեզ ասացին, որ Գնել Սանոսյանը անգամ չի էլ զանգել Տիգրան Ավինյանին, որ գոնե իր կողմից՝ որպես այդ հիմնարկի ամենավերին օղակի պատասխանատու, զուտ գործընկերային և տղամարդկային զրույց ունենա և, այսպես ասած, Ավինյանի կամ Ավինյանի միջոցով Պահլավունու սիրտը շահի, ասենք՝ խոստանա, որ կոնֆլիկտը արժանապատիվ հանգուցալուծում կստանա, որից դժգոհ չի մնա Հովհաննիսյանի կողմից բռնության ենթարկված Արթուր Պահլավունին։ 

Հենց այս պատճառով էլ, մեր տեղեկություններով, Ավինյանը իր «նեղ կռուգում» դժգոհել է Սանոսյանից, որ «մի հատ չի էլ զանգել՝ հետը խոսի, փորձի հարթել իրավիճակը»։ Դրա համար էլ, ինչպես Ավինյանի աներ Պահլավունին էր MediaHub-ի հետ զրույցում նշել, միջադեպից հետո Ավինյանը խոսել է վերջինիս հետ և հորդորել է, որ դիմի իրավապահներին՝ «թող ամեն ինչ օրենքով լինի»։ 

Ի դեպ, մեզ ասացին նաև, որ միջադեպի վերաբերյալ ամբողջ մամուլով աղմուկ բարձրանալուց հետո «Երևանի ՋԷԿ-ում» խառնվել են իրար, տնօրեն Ալիսա Բաղդասարյանն էլ, «ոտ ու ձեռ ընկած», խնդրել է Արթուր Պահլավունուն, որ փակի այս թեման, քանզի խայտառակվում են, ՋԷԿ-ի անունն է ընկնում և այլն, բայց նրան հասկացրել են, որ սա արդեն ավելի վերևների մակարդակով լուծվող հարց է, իրենց տիրույթից դուրս է։ Թերևս հենց Ավինյան-Սանոսյան մակարդակն ու հարաբերություններն են նկատի ունեցել։ 

Վահե Մակարյան