Կարապետ Պողոսյանի անազատության մեջ գտնվելու ժամանակ գրված գիրքն արդեն տպարանում է

«Բանտախուց համար 6, կամ ճանապարհ դեպի Արցախ». այս վերնագիրն ունի գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի գիրքը, որը վերջինս գրել է քաղաքական հետապնդումների պատճառով ձերբակալման, ապա բանտում անցկացրած ամիսներին։
«Անգամ անազատության մեջ նա մեկ անգամ չէ, որ ասել է՝ «իմ ազատության մասին մտածել պետք չի, ես ազատ եմ թեկուզ շղթաներով, ինքներդ ձեզ ազատեք ակամա հանցակիցը լինելուց»։ Այդ ժամանակահատվածը նա օգտագործել է ստեղծագործելով, թղթին հանձնել իր մտորումներն ու մտահոգությունները։ Հիմա գիրքն արդեն պատրաստ է և գտնվում է տպարանում։ Ու քանի որ դեռևս նրան չի թույլատրվում շփվել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ներկայումս ինքնուրույն ենք փորձում դրա մասին հանրայնացնել»,-MediaHub-ին ասաց Պողոսյանի կինը Անգինը, նշելով, որ սպասվող գրքի մասին կարճ հոլովակներ են նկարահանվում և շուտով դրանք կտեղադրվեն սոցիալական ցանցերում։
Կարապետն այն ընդդիմադիրներից է, ով 2018-ից սկսած անզիջում կռիվ է տվել իշխանության եկածների դեմ և երբեք չի սպասարկել նրանց օրակարգը։ Հիշեցնենք, որ իրավապահները վերջինիս ձերբակալել են սույն թվականի հունիսի 5-ին, պատճառաբանելով, թե՝ «դուք ձերբակալվում եք մեր ղեկավարին հայհոյելու համար»։
Անգին Մալխասյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով ձերբակալման կադրերը, հարց է հղել ՀՀ մարդու իրավունքները պաշտպանող կառույցի ղեկավարին.
«Հարցս Հայաստանի «լավագույն» իրավաբանին. աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ մարդուն ձերբակալում, ապա կալանավորում են ղեկավարին հայհոյելու համար"»։
Կինը վստահ է, որ Կարապետ Պողոսյանի դեմ իրականացվող արշավը քաղաքական հետապնդում է իշխանությունների կողմից։
Հունան Թադևոսյան